Արցախի պետական համալսարան
Հարգելի՛ մանկավարժներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա առթիվ: Մանկավարժն իր առաքելությամբ մշտապես եղել և մնում է լույսի սերմնացան: Մեր երկրի համար բոլոր բախտորոշ ժամանակներում մանկավարժն իր անվանն ու առաքելությանը հավատարիմ ամուր հենասյուն է եղել պետականակերտման գործում: Հավերժ փառք ու պատիվ մեր այն մանկավարժներին, ովքեր հավերժի ճամփորդ են դարձել հանուն հայրենիքի պաշտպանության մղված պայքարում:
Ուզում եմ երախտագիտության խոսք հղել բոլոր այն մանկավարժներին, ովքեր ամեն օր ու ժամ հաղթահարում են մեր երկրի առջև ծառացած խնդիրները և մտնում դասարան կամ լսարան ու շարունակում կրթել սերունդներ՝ ուսուցանելով ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլ նաև՝ լինել լավ մարդ, հայրենիքին արժանի քաղաքացի, ասել է թե՝ ուսուցանելով համամարդկային և ազգային արժեքներ:
Արցախի պետական համալսարանն իր ավելի քան կեսդարյա պատմության ընթացքում թողարկել է հազարավոր մանկավարժներ, ովքեր պատվով են իրականացրել և շարունակում են իրականացնել իրենց գործը՝ ամուր պահելով իրենց վստահված դիրքը և հավատարիմ զինվորը լինելով իրենց խրամատի: Ուզում եմ վստահեցնել, որ մայր բուհը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ ուսումնաօժանդակ աջակցություն մեր մանկավարժներին՝ անհրաժեշտության դեպքում:
2020թ. աղետալի պատերազմից հետո նաև ուսուցչի ու դասախոսի շնորհիվ կրկին սկսեց տրոփել Արցախի սիրտը՝ կրթության շուրջ Արցախում համախմբելով աշակերտներին և ուսանողներին, դպրոցներում և համալսարաններում կյանքի բնականոն ռիթմի վերականգնմամբ սկսեց նորից ապրել Արցախը:
Շնորհակալ եմ բոլորիդ, որ Ձեր առաքելությանը հավատարիմ՝ ապրեցնում եք Արցախը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և խաղաղ ու անվտանգ հայրենիքում սերունդներ կրթելու բերկրանք: