Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանը հոկտեմբերի 3-ից 15-ը նախաձեռնում է հանդիպումներ ԱՀ և ՀՀ պետական և քաղաքական գործիչների հետ՝ «Արցախ. նոր մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» խորագրով:
Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 5-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել և քննարկում են կազմակերպել «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի փորձագետներ Ալեքսանդր Մանասյանը, Թաթուլ Մանասերյանը, Լարիսա Ալավերդյանը: Քննարկմանը հրավիրված էին նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, խորհրդարանականներ, պետական ու կուսակցական գործիչներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, համալսարանականներ:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման քննարկումների նշանակությունը և քաղաքագետ, փ. գ. դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանին հանձնել օրեր առաջ գիտխորհրդի որոշմամբ ԱրՊՀ զարգացման գործում ունեցած ավանդի համար նրան շնորհած «ԱրՊՀ պատվավոր դոկտորի» կոչման վկայականը:
Քննարկման մոդերատորն էր տնտեսագետ, հասարակական գործիչ Թաթուլ Մանասերյանը, ում խոսքով՝ ալյանսի գործունեության առանցքն է հայության, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամների ներուժի համախմբումը երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության մրցունակության բարելավման, ազգային արժեքների պահպանման և զարգացման համար՝ հանուն հայ ժողովրդի արժանապատիվ կյանքի և հայրենիքի զարգացման:
Ծրագրի անմիջական նպատակն է վեր հանել արցախյան հիմնախնդիրը երկրում և արտերկրում ներկայացնող պատասխանատուների շրջանում փոխբացառող մեկնաբանությունները և հասնել դրանց համաձայնեցված ըմբռնմանը՝ միասնական դիրքերից հանդես գալու և հանրային համախոհություն հաստատելու համար:
«Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է․ Հայաստանը, Արցախը և սփյուռքը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպիտի ստորագրվի։ Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է անտեսել Արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սա է մեր միասնական տեսակետը»,-քննարկման ընթացքում վերահաստատել է ԱՀ ԱԺ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը՝ ողջունելով «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի հրավիրած քննարկումը:
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ այսօր կա փորձագիտական լուրջ աշխատանքի անհրաժեշտության կարիք: Նա հույս է հայտնել, որ ալյանսի հետ համագործակցությունը կդառնա ինստիտուցիոնալ և երկարաժամկետ՝ ապահովելով նաև ներառականություն՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին:
Փորձագետների շրջանում պատրաստակամություն կա, բայց արդյունավետություն չի ապահովվում: Վտանգների և ռիսկերի վերհանման, գործողությունների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների մշակման, խնդիրների և պատվերների ձևակերպման հարցում ակնկալում են փորձագիտական համայնքի աջակցությունը:
«Սրանից ծանր իրավիճակներում ենք եղել: Չպիտի հուսահատվենք: Մեր խնդիրները պահանջում են լինել միասնական և ձևավորել խնդիրների լուծման միասնական հայեցակարգ»,-ընդգծել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է իր ուժերի չափով աշխատի՝ աշխարհին ներկայացնելով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ճշմարտությունը:
Նրա համոզմամբ՝ պետք է հատկապես երիտասարդները բոլոր հարթակներն օգտագործեն հայ ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանությունը ներկայացնելու համար. « 44-օրյա պատերազմի ընթացքում ևս հայ ժողովրդի հանդեպ դրսևորվեց ցեղասպանական ագրեսիա, որի մասին բոլոր կառույցները պետք է բարձրաձայնեն»:
ԱՀ խորհրդարանի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ևս ողջունել է քննարկումը՝ նշելով, որ ցանկացած փուլում առողջ ներուժի ընդգրկմամբ պետք է կարողանալ այնպես անել, որ իրավիճակից հնարավորինս արդյունավետություն ապահովվի. «Ժամանակը սուղ է: Եթե մենք կարողանանք ի մի բերել բոլոր ռեսուրսները, ապա կարելի է ակնկալել, որ կարող ենք օգուտ քաղել իրավիճակից»:
Քննարկման ընթացքում իրենց տեսակետներն են հնչեցրել նաև մասնակից պատգամավորներ, դասախոսներ, ուսանողներ:
Ամփոփելով քննարկումը՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ կենտրոնը բաց է խնդիրների ձևակերպման, առաջարկությունների ներկայացման և համագործակցության համար, ակնկալում են ինչպես փորձառու մասնագետների, այնպես էլ երիտասարդների հետ համագործակցություն: