Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը հոկտեմբերի 11-ին նախաձեռնել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հոգեկան առողջության համաշխարհային օրվան: Քննարկմանը մասնակցում էին հոգեբան մասնագետներ, դասախոսներ և ուսանողներ:
Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ հոգեբաններին շնորհավորել է ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը՝ կարևորելով հոգեբանների դերը հետպատերազմյան իրավիճակում ազգաբնակչության շրջանում հոգեկան առողջությանը նպաստելու տեսանկյունից: Նրա խոսքով՝ կլոր սեղան-քննարկման նպատակն էր համախմբել Արցախի հոգեբաններին և ոլորտում առկա խնդիրների լուծման համար ուղիներ նախանշել. «Ունենք բարձրակարգ մասնագետներ, անհրաժեշտ է համախմբել ռեսուրսները, քարտեզագրել անելիքները և աշխատել ավելի արդյունավետ»:
ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Արմինե Ալոյանը, կարևորելով հոգեկան անվտանգությունը, նշել է, որ համալսարանում ուսանողների հետ ոչ միայն ուսումնական պլանով նախատեսված աշխատանքներն են իրականացվում, այլ նաև՝ հետազոտական, փորձագիտական: Վերջերս «Հոգեբանություն» 2-րդ կուրսի ուսանողներ Նինա Սարգսյանը և Մարիաննա Ղահրամանյանն իրենց կատարած գիտահետազոտական աշխատանքները ներկայացրել են ԵՊՀ կազմակերպած միջազգային գիտաժողովում և արժանացել խրախուսանքի: Ուսանողներն իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացրել են նաև քննարկման ընթացքում, Նինա Սարգսյանը՝ «Տագնապայնության զգացողության կապը հոգեկան անվտանգության զգացման հետ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ», Մարիաննա Ղահրամանյանը՝ «Միայնության զգացողությունը տեղահանված և չտեղահանված ավագ դպրոցականների մոտ և դրա ազդեցությունը թիմային աշխատանքի նախատրամադրվածության վրա» թեմաներով:
Հ.գ.թ., պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը, կարևորելով քննարկման նշանակությունը և թեման, նշել է, որ հատկապես պատերազմական իրավիճակում և դրանից հետո խաթարվել է բնակչության հոգեկան առողջությունը և այդ խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել:
«Մարդկանց հոգեկան առողջությանը նպաստելու համար շատ կարևոր է հույզերն ու գործողությունները կառավարելու ունակությունը: Գրագետ և գիտակից մարդուն որոշակի առումով դա հաջողվում է: Հոգեբանական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք, ուսանող, եթե անգամ մասնագիտական գործունեություն չի ծավալում, պետք է կարողանա գոնե իր շրջապատում կիրառել մասնագիտական ռեսուրսները և գրագետ կառավարել մարդկանց հույզերն ու զգացումները»,-նշել է Ա. Մխիթարյանը:
Բժիշկ-հոգեբան Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ այսօր աշխարհը հոգեկան առողջության պահպանման խնդիր ունի, և Արցախն իր ունեցած հոգեկան առողջության պահպանման խնդիրներով չի առանձնանում աշխարհից: Սակայն, նրա համոզմաբ, միայն լավ հոգեբաններ ունենալով այդ խնդիրները չեն լուծվի, որովհետև անհրաժեշտ է պետական մոտեցում: Նրա կարծիքով՝ պետք է հոգեբաններն անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն՝ իշխանությունների ուշադրությունը խնդրի վրա բևեռելու նպատակով:
«Դժվար կլինի դա, քանի որ հոգեբանի աշխատանքի արդյունքը չափելի չէ, սակայն չաշխատելու հետևանքը վաղն ավելի տեսանելի կլինի բացասական առումով»,-նշել է նա:
Հոգեբան, «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի տնօրեն Անահիտ Լալայանի խոսքով՝ պետք է ակադեմիական կրթության մեջ ավելի շատ տեղ տալ պրակտիկ պարապմունքներին, որն էլ պետք է լինի նեղ մասնագիտացմամբ: Ըստ նրա՝ յուրաքանչյուր մասնագիտության հիմքում տեսական գիտելիքներն են, սակայն ակադեմիական կրթությունը պրակտիկ դաշտում անելիքներ ունի: Խնդրի լուծումը նա տեսնում է ուսումնական պլաններում փորձուսուցմանը հատկացվող ժամաքանակի ավելացմամբ: Իրենց հերթին պրակտիկ հոգեբաններն էլ կարիք են ունենում արագ զարգացող տեսությանը իրազեկվելու:
«Շատ կարևոր է պրակտիկ դաշտի և ակադեմիական դաշտի համագործակցությունը, ինչպես նաև հոգեբանների լիցենզավորման հարցը: Խնդիրներին ոչ մասնագիտական մոտեցում ցուցաբերելը ավելի է խորացնում դրանք»,-նշել է Ա. Լալայանը:
Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ պետք է ստեղծել հոգեբանների ասոցիացիա կամ տարիներ առաջ ստեղծված ասոցիացիայի գործունեությունը վերաակտիվացնել՝ ընդգրկելով պրակտիկ հոգեբաններին ու տեսաբաններին՝ առկա խնդիրներին համակողմանի լուծում տալու նպատակով:
Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին՝ հրատապ թեմայի վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար և հոգեբանների աշխատանքը կարևորել՝ բնակչության հոգեկան առողջությանը նպաստելու տեսանկյունից: