Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 9-ից 11-ը Արցախի թեմի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Արցախի գիտական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է գիտաժողով՝ «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով: Գիտաժողովին մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել մի քանի տասնյակ հայ և օտարազգի գիտնականներ ու հետազոտողներ արտերկրից, ՀՀ-ից ու Արցախից: Գիտաժողովի նպատակն էր ադրբեջանական կեղծարարության ընդդեմ ներկայացնել գիտականորեն փաստարկված, հանրամատչելի ու նաև օտարալեզու ընթերցողին հասանելի գիտական արտադրանք Արցախի վերաբերյալ:

Գիտաժողովի լիագումար նիստը տեղի ունեցավ ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում, որից հետո աշխատանքները շարունակվեցին մասնախմբերում, մասնախմբային նիստեր եղան նաև ԱրՊՀ-ում:
Ողջունելով և կարևորելով գիտաժողովի աշխատանքները՝ իր խոսքում ԱՀ ԱԺ / Արցախի Հանրապետության Ազգային ժողով Artsakh Republic National Assembly նախագահ Արթուր Թովմասյանը նշել է.
«Այսօր Արցախը կանգնած է ոչ միայն մշակութային ժառանգության ոչնչացման վտանգների, այլև գոյաբանական սպառնալիքների առջև։
Բացահայտ ճշմարտություն է, որ Ադրբեջանն իր ձևավորումից ի վեր (1918 թ.) վարել է հակահայ պետական քաղաքականություն, որի հիմքում եղել և շարունակում է մնալ հայ ինքնության և մշակութային արժեքների ոչնչացումը:
Արցախի հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը համաշխարհային մշակութային և հոգևոր ժառանգության անբաժան մասն է կազմում: Հետևապես, Ադրբեջանի կողմից մշակութային և հոգևոր ժառանգության՝ հանցավոր միտումնավորությամբ ոչնչացումը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը»։
ԱՀ ԱԺ նախագահի խոսքն ամբողջությամբ՝ հղմամբ
http://www.nankr.am/hy/4918
Գիտաժողովին իր օրհնանքի խոսքն էր բերել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Մայր աթոռ Սուրբ էջմիածնի քարոզչության կենտրոնի ղեկավար Հայր Գարեգին Համբարձումյանը ներկայացրերց հետպատերազմյան շրջանում Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Գիտաժողովի համակազմակերպիչներից էր ԱՀ Նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը: Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ նա նշել է. «Ամբարվեց ծանրակշիռ նյութ Արցախի պատմամշակութային ժառանգությանն ուղղված քաղաքականության առաջնահերթ խնդիրների, Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականության, ակադեմիական հայագիտության, Աղվանից եկեղեցու պատմության, Արցախի հոգևոր ու նյութական պատմամշակութային ժառանգության մասին։ Շնորհակալ ենք Արցախ ժամանած բոլոր գիտնականներին և հյուրերին, առցանց զեկուցողներին, գիտաժողովի կազմակերպմանը աջակցած գործընկերներին։ Հաջորդ քայլը գիտաժողովի արդյունքները գործնական փուլ մտցնելն է։ Պահպանենք պայքարի այս խրամատը, որովհետև ինքնությունն է մեր լինելիության ու շարունակության եզակի պաշարը»։
ԱրՊՀ-ում տեղի ունեցած «Ակադեմիական հայագիտությունը և Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականությունը» խորագրով մասնախմբային նիստը նախագահում էին Համլետ Պետրոսյանն ու Նժդեհ Երանյանը, իսկ «Արցախի հոգևոր ու նյութական պատմամշակութային ժառանգություն Աղվանից եկեղեցու պատմություն» մասնախումբը նախագահում էին Մելանյա Բալայանը և Գրիգորի Այվազյանը:
Վերջում տեղի ունեցան ելույթների քննարկում և աշխատանքների ամփոփում: