Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանում մեկնարկած «Արցախ. նոր մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» խորագրով ԱՀ և ՀՀ պետական ու քաղաքական գործիչների հետ հանդիպումների շրջանակում հոկտեմբերի 13-ին ԱրՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Արցախի Հանրապետության ԱԺԿ, ՀՅԴ, «Արդարություն» կուսակցությունների ներկայացուցիչներ Աշոտ Ղուլյանի, Արթուր Մոսիյանի և Դավիթ Գալստյանի հետ:

Նախքան հանդիպման մեկնարկը՝ ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմներում անմահացած ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել քաղաքական գործիչներին՝ ԱրՊՀ այցելելու և համալսարանականների հետ հանդիպելու համար:
Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քաղաքական գործիչները ներկայացրել են Արցախի Հանրապետության առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծման իրենց տեսլականները:
Հանդիպում-քննարկումը կարևորել է Աշոտ Ղուլյանը՝ նշելով, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում շոշափելու գիտակրթական հաստատություններում երիտասարդության և մտավորականության շրջանում տիրող տրամադրությունները և առկա խնդիրների լուծման վերաբերյալ երկուստեք գաղափարներ ու տեսակետներ փոխանակելու:
«Պետք է բոլորիս համար Արցախը հայկական պահելը լինի գերնպատակ և դրա համար ունենանք օրակարգ՝ յուրաքանչյուրս մեր անելիքներն իմանալով: Արցախի հարցը համայն հայության հարցն է, այն միայն Արցախի կամ Հայաստանի հարցը չէ: Ճակատագրական հարցեր որոշելիս պետք է լինի կարծիքների բանավեճ համայն հայության շրջանում, ճիշտ կարծիքները մի կողմ հավաքվեն, և դառնան առաջնորդող: Պետք է այնպես անել, որ մեր 30 տարվա աշխատանքը ջուրը չլցվի, և այսօրվա քաղաքական զարգացումները չպետք է մթագնեն մեր երազանքները, հանուն որի անմահացան մեր ընկերներն ու հարազատները»,-նշել է Ա. Ղուլյանը՝ շեշտելով, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա:
Արթուր Մոսիյանի խոսքով՝ ներկա իրողություններում հրամայական է ազգային միասնությունը. «Արցախի ինստիտուցիոնալ կառույցների պահպանման և հզորացման համար պետք է համախմբվել և ատամներով պահել, որպեսզի Արցախը փրկվի: Ովքեր այս ճանապարհով չեն գնում, ջուր են լցնում թշնամու ջրաղացին: Արցախը փրկելու խնդիր ունենք: Կա նպատակ՝ Արցախը փրկելու, ով ձեռք մեկնի դրան, պատրաստ ենք համագործակցելու»,-նշել է Ա. Մոսիյանը:
Դավիթ Գալստյանի խոսքով՝ երեք կուսակցությունների ներկայացուցիչներով հանդիպման ներկայանալն արդեն իսկ վկայում է համախմբմանն ուղղված գործուն քայլերի մասին:
«Արցախը հանձնելով Հայաստանը փրկելու թեզը կեղծ է, գնալով Ադրբեջանի ախորժակն էլ ավելի է բացվում: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է միավորվեն, դառնան մեկ խոսափող, իշխանությունների հանդեպ հանրային պահանջ ձևավորվի՝ միասնականություն ապահովելու»,-նշել է Դ. Գալստյանը՝ երիտասարդությանը կոչ անելով լինել ավելի ակտիվ և նախաձեռնող:
Ներկաները անդրադարձել են նաև առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխություններին, ընդգծել դրա անհրաժեշտությունը: