Արցախի պետական համալսարան

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սկսել է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին:

Շարքի առաջին գիտաժողովը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ից 21-ը , որը համատեղ կազմակերպել են ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը և Արցախի պետական համալսարանը: Միջազգային գիտաժողովը կրում էր «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագիրը, որի նպատակն էր նպաստել բարբառախմբի՝ ինչպես պատմական, այնպես էլ համաժամանակյա դիտակետերով համակողմանի հետազոտությանը, ինչպես նաև մեկտեղելու ջանքերը՝ ըստ հնարավորին դիմագրավելու որոշ բարբառային միավորների սպառնացող կորստյան վտանգին:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԱրՊՀ ռեկտորը կարևորել է գիտաժողովի թեման և հարցի արդիականությունը ժամանակակից իրողությունների համատեքստում:
«Այսօր առավել, քան երբևէ, պատմաքաղաքական զարգացումների արդի փուլում, վտանգված են մեր բարբառները, ուստի կարևոր է այս բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը: Որոշ բարբառային միավորների սպառնացող կորստյան վտանգին դիմագրավելու լավագույն հարթակներից են նմանատիպ գիտաժողովները, որոնք միտված են արդիական խնդիրների լուծման ուղիներ գտնելուն»,-նշել է նա:
Առկա և հեռավար ձևաչափերով անցկացված գիտաժողովին Արցախի պետական համալսարանից մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ «Ղարաբաղի բարբառի ուսումնասիրության համառոտ պատմություն», բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը՝ «Արցախի բարբառի բառապաշարի զարգացման ընթացքի ուրվագիծը Արցախի տեղանվանական համակարգի շրջանաբաժանման համապատկերում», դասախոսներ Սիլվա Մինասյանը՝ «Ս. Սարգսյանի «Արցախի բնակավայրերը» աշխատության մի քանի տեղանունների կաղապարներն ու դրանց իմաստաբանական յուրահատկությունները», «Արցախյան բարբառին և Հովհ. Շիրազի չափածոյին առնչվող մի շարք ընդհանուր բառեր», Շողեր Մինասյանը՝ «Ղարաբաղի բարբառի համեմատություն դարձվածային միավորները», Լուսինե Վանյանը՝ «Ղարաբաղի բարբառի պատումի չեզոք հնչերանգը գրական հայերենի նույնանուն իրողության համեմատությամբ», Արմինե Արզումանյանը՝ «Անձի հատկանիշ ցույց տվող կազմախոսական դարձվածները Ղարաբաղի բարբառում», ասպիրանտներ Հերմինե Արզումանյանը՝ «Ղարաբաղի բարբառի գոյավիճակը անկախության շրջանում. արդի խնդիրները» և Էդիտա Ալթունյանը՝ «Ժամանակի ամրակայման ձևերի բառային իրացումը Ղարաբաղի բարբառում՝ ըստ ազգային և կրոնական ծիսակարգի» թեմաներով:
Գիտաժողովի վերջում տեղի է ունեցել քննարկում և արդյունքների ամփոփում: