Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանում հոկտեմբերի 25-ից մեկնարկել է «Կրթության որակի բարելավման հոգեբանական հիմքերը» խորագրով հատուկ դասընթաց, որին մասնակցում են մանկավարժներ, հոգեբաններ, ուսուցիչներ, սոցիալական աշխատողներ, մեթոդիստներ: Դասընթացը կազմակերպում է ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը «Էրուդիցիա» գիտահետազոտական-վերլուծական կենտրոնի հետ համատեղ, դասախոսությունները վարում են ԱրՊՀ դասախոսներ հ.գ.թ., պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը, հ.գ.թ. Արայիկ Ֆիրյանը, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը, ավագ դասախոսներ Արմինե Ալոյանը, Ռոզա Աղաջանյանը, դասախոս Իննա Մկրտչյանը:

Դասախոսությունները վերաբերում են հոգեբանության ու մանկավարժության ոլորտների այնպիսի թեմաների, ինչպիսիք են ինքնախնամքը, հուզական այրումը, գնահատականի ազդեցությունը սովորողների, ինքնագնահատականի վրա, հոգեկանի կարգավորման մեթոդները, միջին դպրոցականի տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները, աշակերտակենտրոն ուսուցման հոգեբանական առանձնահատկությունները, ինտերակտիվ մեթոդների կիրառումը դպրոցում, ուսուցչի հաղորդակցման ոճի ազդեցությունը սովորողների ուսումնական գործունեության վրա, պարապմունքի կազմակերպման նորագույն հոգեբանական մոտեցումներ, աշակերտակենտրոն ուսուցման հոգեբանական առանձնահատկությունները, հոգեկան առողջության պահպանմանը միտված դասեր հանրակրթական դպրոցում, QR կոդը կրթության մեջ, ուսուցչին ներկայացվող մանկավարժական պահանջները՝ կապված կրթական համակարգի հիմնախնդիրների հետ, սովորողների բազային պահանջմունքների բավարարվածության աստիճանը և ուսումնական գործունեության արդյունավետությունը, ուսումնական մոտիվացիա, ներում /հաշտության կամուրջ տեխնիկա/, շփման և հաղորդակցման գաղտնիքները:
Դասախոսությունները մեկնարկում են առավոտյան ժամը 9.00-ից և տևում մինչև 13.00-ն ԱրՊՀ երկրորդ մասնաշենքի համար 39 լսարանում: Դասընթացը կտևի մինչև հոկտեմբերի 28-ը:
Դասընթացի նախաձեռնող Վիտյա Յարամիշյանի խոսքով՝ այն հետապնդում է մի քանի նպատակ, որոնցից գլխավորն, իհարկե, կրթության ոլորտի մասնագետներին ուսուցման արդյունավետության բարձրացման հոգեբանական հիմքերին ծանոթացնելն է:
«Զուգահեռ նպատակներից են նաև համալսարան-դպրոց կապերի ամրապնդումը, այդ թվում` շրջանավարտների հետ հետադարձ կապի ամրապնդումը, կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին ծանոթանալը, երիտասարդ դասախոսներին երկրի համար կարևոր խնդիրների լուծման մասնակից լինելու, նրանց մոտ հանրային պատասխանատվության դիրքորոշման մշակումը և այլն»,-նշել է Վիտյա Յարամիշյանը՝ տեղեկացնելով, որ 5-օրյա տևողությամբ դասընթացի ակտիվ մասնակիցները բոլոր մոդուլները վաստակելուց հետո կստանան համապատասխան հավաստագրեր: