Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 27-ին Արցախի պետական համալսարան են այցելել «Իմպուլս մենեջմենթ քոմփանի»-ի ներկայացուցիչներ Անի Ավանեսովան, Անի Հովհաննիսյանը, Ալիկ Օրդյանը և հանդիպում ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ։ «Իմպուլս»-ը ներդրումային ֆոնդերի կառավարող ընկերություն է, որի ռազմավարությունն է կատարել ներդրումներ քաղաքների և համայնքների համալիր զարգացման մեջ: «Իմպուլս»-ի ծրագրերից է նաև Go To Dili զբոսաշրջային կազմակերպությունը, որի գործունեությունն այսօր ԱրՊՀ ուսանողներին են ներկայացրել «Իմպուլս»-ի ներկայացուցիչները։

«Քանի որ Արցախը շատ կարևոր տեղ ունի մեր կյանքում, մենք որոշեցինք գալ Արցախ և հնարավորինս նպաստել Արցախում տուրիստական ոլորտի զարգացմանը, հասկանալով, որ այս ոլորտում կանգնած ենք լուրջ խնդրի առջև։ Առաջին անգամ ենք գործնական այցով Արցախում, փնտրում ենք մարդկանց, ում հետ կարող ենք համագործակցել»,- նշել է Անի Ավանեսովան, ով նաև ղեկավարում է Go to Dili DMO-ն։
Խոսելով ԱրՊՀ այցի նպատակների մասին՝ Անի Ավանեսովան նշել է, որ կազմակերպությունն ունի նաև կրթական բաղադրիչ, ուսանողների հետ հանդիպման նպատակն է հասկանալ, թե ինչով կարող են օգնել, ինչքանով կարող են համագործակցել ուսանողների և շրջանավարտների հետ, կիսվելու իրենց փորձով։
«Տուրիզմի մեջ կարևորում ենք նաև ակադեմիական կրթությունը, ինչպես պետք է գրագետ վարել տուրիզմ։ Համագործակցության շնորհիվ հուսով ենք, որ կկարողանանք որոշակիորեն նպաստ ունենալ կրթական ծրագրի զարգացման մեջ, կկարողանանք պրակտիկանտներ հավաքագրել, ովքեր կշարունակեն աշխատել լոկալ գրասենյակներում»,- ասել է զբոսաշրջային պրոդուկտների զարգացման և կառավարման կազմակերպության աշխատակից, Սորբոնի համալսարանի մագիստրոս Անի Հովհաննիսյանը։
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և համագործակցության պատրաստակամություն հայտնել՝ կարևորելով զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը Արցախում, որն ունի ոլորտը զարգացնելու լայն հնարավորություններ իր պատմամշակութային արժեքներով։