Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը պրոռեկտորներ Վալերի Ավանեսյանի և Գեորգի Սահակյանի հետ միասին այսօր մասնակցել է Գորիսի պետական համալսարանում մեկնարկած «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով երկրորդ հանրապետական գիտաժողովին՝ նվիրված բուհի հիմնադրման 55-ամյակին։
Իր ողջույնի խոսքում ԱրՊՀ ռեկտորը կարևորել է Գորիսի պետական համալսարանի հետ համագործակցությունը՝ մասնավորապես նշելով. «Մեծ է մեր երկու բուհերի համագործակցության դերն ու նշանակությունը ոչ միայն Արցախ-Սյունիք գիտակրթական փոխգործակցությունն ամուր պահելու, այլ նաև՝ մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման համար ուղիներ նախանշելու տեսանկյունից:
Պատմաքաղաքական արդի զարգացումների և հատկապես մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների իրողություններում անչափ կարևորում եմ «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով գիտաժողովի կազմակերպումը, որը միտված է հանրապետության գիտության ոլորտի կարող ուժերի մեկտեղմանը՝ հանուն օրախնդիր հարցերի լուծման»:
Ռեկտորը շնորհավորել է նաև բուհի 55-ամյակի առթիվ և գիտաժողովին մաղթել արդյունավետ աշխատանք։