Արցախի պետական համալսարան
Հոկտեմբերի 31-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները հանդիպել են ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսերի ուսանողների հետ և ներկայացրել ծրագրի առաքելությունը, դիմելու կարգն ու հետագա գործունեությունը։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրականացնում է առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր` Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:
Հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ անկախ մասնագիտությունից` «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործուղում է նրանց Հայաստանի մարզային այն դպրոցներ, որտեղ կա ուսուցչի կարիք։
Ծրագրի հետ ԱրՊՀ համագործակցությունը տարիների պատմություն ունի, և ԱրՊՀ շրջանավարտներից շատերն են միացել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին ու մասնագիտական գործունեություն են ծավալում տարբեր համայնքներում:
Հանդիպման ընթացքում ուսանողները հետաքրքրություն ցուցաբերեցին ծրագրի հանդեպ՝ հայտնելով ծրագրին միանալու իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը: