Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 28-ից 29-ը Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել սպորտային ծրագրավորման համաշխարհային ուսանողական ամենամյա ACM ICPC մրցույթի Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլը, որին մասնակցել են ԱՀ և ՀՀ համալսարանների թիմերը: Մրցույթին մասնակցել է նաև ԱրՊՀ թիմը և գրանցել լավագույն արդյունքներ:

ԱրՊՀ-ից մրցույթին մասնակցել են բնագիտական ֆակուլտետի ուսանողներ Շահինե Հայկազի Մարտիրոսյանը (Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, 4-րդ կուրս), Լևոն Վարուժանի Առաքելյանը (Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 3-րդ կուրս), Լիլիթ Բորիկի Աղաբեկյանը (Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 3-րդ կուրս), Միլենա Վահրամի Առաքելյանը (Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 2-րդ կուրս), Ջուլիետտա Արազի Քոչարյանը (Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 2-րդ կուրս), Մարատ Կամոյի Փաշայանը (Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 1-ին կուրս, մագիստր.):
Ուսանողների մարզիչն է բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Արթուր Մնացականյանը:
Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանի խոսքով՝ ուսանողների ցուցաբերած արդյունքները գոհացուցիչ են: Կարևորելով նման մրցույթին մասնակցելն ու գոհացուցիչ արդյունքներ արձանագրելը՝ Վ. Առստամյանը մրցույթին մասնակցած ուսանողներին և մարզչին ամբիոնի կողմից արժանացրել է շնորհակալագրի:
«Մեր հիմնական նպատակն է պատրաստել ժամանակակից, խորը գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին և չափորոշիչներին»,-նշել է Վ. Առստամյանը՝ հավելելով, որ այդ նպատակներից է բխում նաև ACM ICPC Ծրագրավորման միջազգային համալսարանական մրցույթի հրավերն ուրախությամբ ընդունելն ու մասնակցելը մրցույթի փուլերին, որտեղ ԱրՊՀ ուսանողները իրենց գիտելիքներով ցույց են տվել, որ մրցունակ են և չեն զիջում այլ առաջատար բուհերի ուսանողներին: