Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 2-ին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպել է ԱՀ ԿԳՄՍՆ լեզվի տեսչության պետ, բ.գ.թ., դոցենտ Արտակ Ղուլյանը: Հանդիպման ընթացքում Ա. Ղուլյանն անդրադարձել է մայրենի լեզվի առջև ծառացած խնդիրներին, այդ խնդիրները հաղթահարելու ուղիներին, ընդգծել լեզուն անաղարտ պահելու անհրաժեշտությունը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին և հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախում խոսքի մշակույթի անկումն ամենուր իրեն զգացնել է տալիս, որն արտահայտվում է ինչպես կենցաղային, շուկայական խոսքի, ժարգոնային տարրերի առատ գործածությամբ, այնպես էլ հանրակրթության, կրթության մյուս օղակներում և սպասարկման ոլորտում տարերային լեզվական վարքով: Նա նշել է, որ աշակերտների և ուսանողների կրթվածության և արժեհամակարգի ձևավորվածության ցուցանիշը պայմանավորված է դասավանդող անձնակազմի ոչ միայն մասնագիտական պատրաստվածության, դասավանդման կարողությունների և հմտությունների որակով, այլև գրական հայերենի տիրապետման մակարդակով:
«ԱՀ ԿԳՄՍՆ լեզվի տեսչությունը նախաձեռնել է հանդիպումների շարք Արցախի ուսուցչական հանրույթի, բուհերի պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմերի, գերատեսչությունների աշխատակազմերի և սպասարկման ոլորտի աշխատակիցների հետ՝ գրական հայերենի առջև ծառացած խնդիրները և դրանց արդյունավետ լուծման ուղիները քննարկելու նպատակով»,-տեղեկացրել է լեզվի տեսչության պետը՝ այդ համատեքստում կարևորելով նաև ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողական հանրույթի կարծիքները, ինչին միտված էր նաև հանդիպումը:
«Տարեցտարի ականատեսն ենք լինում մասնագիտական շրջանակներում բարբառի անտեղի շատ գործածմանը: Յուրաքանչյուր հասարակության հիմքը գրական լեզուն է և պետք է կարողանալ արժևորել գրական լեզվի դերը, առավել ևս հետպատերազմական Արցախում, որովհետև անհնար է պատկերացնել մեր ապագան առանց գրական հայերենի: Այս համատեքստում լուրջ անելիքներ ունեն ուսումնական հաստատությունները, մասնավորապես՝ բուհերը, որտեղ դասախոսությունների ժամանակ, առօրյա շփումներում պետք է նվազագույնի հասցվի բարբառախոսությունը»,-ընդգծել է Արտակ Ղուլյանը՝ կարևորելով նաև ուսանողների դերը լեզուն անաղարտ պահելու հարցում:
«Ձեզանից յուրաքանչյուրը հայոց լեզվի պահպանման առաքյալ է: Վաղը ինչ ոլորտում էլ աշխատեք, կձգտեք հավատարիմ լինել Ձեր առաքելությանը՝ բարձր պահելով մայրենի լեզվի դերը»,-դիմելով ուսանողներին՝ հորդորել է նրանց լեզվի տեսչության պետը: