Արցախի պետական համալսարան
 
Նոյեմբերի 3-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողների միջև կազմակերպվել է թիմային մրցույթ՝ «Հաղորդակցման շքեղությունը» թեմայով:
Հոգեբանական կենտրոնի տնօրեն Անահիտ Գասպարյանի խոսքով՝ մրցույթի նպատակն է ուսանողների մոտ պոզիտիվ հաղորդակցման հմտություններ ձևավորելն ու զարգացնելը, փոխգործակցության հմտությունները սովորեցնելը, ինչպես նաև հաղորդակցման տարբեր միջոցների հետ ծանոթացնելը:
 
Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, մրցույթը վարող Արմինե Ալոյանը, կարևորելով թեման, նշել է. «Հաղորդակցումն իր մեջ ենթադրում է իմպրովիզացիա։ Ցանկացած իմպրովիզացիա ենթադրում է գիտելիքների և հմտությունների ամուր հիմք, այսինքն` հաղորդակցման հմտության բարձր մակարդակ: Իզուր չէ, որ ասում են` հաղորդակցումը միաժամանակ և՛ գիտություն է, և՛ արվեստ։ Մի կողմից դրանք հոգեբանության կողմից հաստատված փաստեր և օրինաչափություններ են, հատուկ եղանակներ և մեթոդներ, մյուս կողմից` ազատ գործելու կարողություն, որն անձից պահանջում է ներքին, հոգեկան զարգացում»։
Թիմերին առաջադրվել են խնդիրներ ու առաջադրանքներ, որոնք միտված էին զարգացնելու նաև ուսանողների պատկերավոր մտածողությունը, ստեղծագործելու կարողությունները, տեսողական, վերբալ և ոչ վերբալ հաղորդակցությունը, թիմային աշխատանքը, համերաշխությունը և այլն:
 
Ամփոփելով մրցույթի արդյունքները՝ դասախոս Ա. Ալոյանը արդյունավետ հաղորդակցման առաջնահերթություններն ընդհանրացրել է. «Արդյունավետ հաղորդակցման առաջին կանոնը գործընկերոջ լեզվով խոսելն է: Ուղերձի լեզուն պետք է հասկանալի լինի բոլորին: Երկրորդ կանոնն իր մեջ ներառում է գործընկերոջ կարևորությունը, հարգանք ցուցաբերելը նրա հանդեպ։ Բոլոր գործողությունների հետևում պետք է լինի հետաքրքրությունը և հարգանքը գործընկերոջ նկատմամբ: Հաջորդ կանոնը գործընկերոջ հետ հետաքրքրությունների, դիրքորոշման, նպատակների, խնդիրների ընդհանրության ընդգծումն է, իսկ չորրորդ կանոնը հետաքրքրության ցուցաբերումն է գործընկերոջ խնդիրների նկատմամբ»:
 
Մրցույթի արդյունքներով լավագույն ճանաչված թիմերը հոգեբանական կենտրոնի կողմից պարգևատրվել են պատվոգրերով: