Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանն ակտիվ համագործակցում է հանրակրթական դպրոցների հետ: Բուհ-դպրոց համագործակցության շրջանակում նոյեմբերի 3-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը հյուրընկալել է Ստեփանակերտի ավագ դպրոցների աշակերտներին և կազմակերպել բաց դռների օր՝ մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու նպատակով:
Աշակերտների հետ հանդիպել և քննարկում են ունեցել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողական ինքնավար կառույցների պատասխանատուները: Միջոցառումը մեկնարկել է ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով ի հիշատակ հավերժի ճամփորդ դարձած ուսանողների:
 
Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, ողջունելով աշակերտներին, ներկայացրել է տնտեսագիտության ֆակուլտետի գործունեությունը, մասնագիտություններն ու կրթական ծրագրերի հնարավորությունները՝ ընդգծելով, որ ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտներն իրենց գիտելիքներով ու հմտություններով չեն զիջում առաջատար այլ բուհերի շրջանավարտներին:
«Այսօր ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են երկրի տարբեր ոլորտներում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, ունենք շրջանավարտներ, ովքեր բիզնես ոլորտում հաջողություն արձանագրած մասնագետներ են: Համալսարանը ակտիվ համագործակցում է առաջատար այլ բուհերի հետ և համատեղ իրականացնում կրթագիտական տարբեր ծրագրեր, որոնք ևս նպաստում են ԱրՊՀ ուսանողներին՝ որպես մասնագետ կայանալու ճանապարհին»,-նշել է Ռ. Մանգասարյանը՝ հավելելով, որ բուհը կարողանում է թողարկել ժամանակակից, մրցունակ, աշխատաշուկայի պահանջները բավարարող մասնագետներ, ինչը փաստում են նաև գործատուների շրջանում պարբերաբար իրականացվող սոցհարցումների արդյունքները:
Ֆակուլտետի մասնագիտություններն ու դրանց առանձնահատկությունները ներկայացրել են նաև ֆակուլտետի դասախոսները:
«ԱրՊՀ-ն ընտրելը նաև հայրենասիրության դրսևորում է: Մեր հերոս տղաներն իրենց կյանքը զոհել են, որպեսզի Արցախը ապրի, որպեսզի արցախցին ապրի Արցախում: Իսկ Արցախի պետական համալսարանն ընտրելով՝ դուք դառնալու եք այդ գաղափարի առաքյալները՝ յուրովի ապրեցնելով նաև Արցախի մայր բուհը»,-դիմելով աշակերտներին՝ ասել է ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը:
Ուսանողական ինքնավար կառույցների պատասխանատու ուսանողները ներկայացրել են համալսարանի առօրյան, կրթագիտական, մշակութային, սպորտային, ինտելեկտուալ, ժամանցային և այլ բնույթի այն միջոցառումները, որոնք բուհում ուսանողների հետ համատեղ կազմակերպվում են պարբերաբար:
 
Հանդիպման ընթացքում դասախոսները պատասխանել են աշակերտներին հետաքրքրող հարցերին: Միջոցառմանն ուսանողները հանդես են եկել նաև ասմունքով ու երաժշտական կատարումով: