Արցախի պետական համալսարան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցության և կանխարգելման բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը և բաժնի աշխատակից Ալիսա Սարգսյանը նոյեմբերի 3-ին Արցախի պետական համալսարանում այս անգամ հանդիպել են «Իրավագիտություն» կրթական ծրագրի ուսանողների հետ և հանդես եկել դասախոսությամբ:

 
Դասախոսության ընթացքում բանախոսները ներկայացրել են ԿԽՄԿ-ի գործունեությունը, մարդասիրական առաքելությունը, միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները և պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին:
«Մարդասիրական առաքելություն իրագործելիս մենք առաջնորդվում ենք չորս հիմնարար սկզբունքներով՝ չեզոքություն, անկողմնակալություն, անկախություն և մարդասիրություն»,-նշել է Է. Մուսայելյանը՝ խոսելով ԿԽՄԿ գործունեության մասին: Նա շնորհակալություն է հայտնել նաև ԱրՊՀ-ին արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ բուհի հետ համագործակցությունն իրականացվում է տարբեր ձևաչափերով:
ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Տաթևիկ Գևորգյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին՝ ԱրՊՀ այցելելու և արդիական թեմաներով դասախոսություններով հանդես գալու համար՝ կարևորելով ԿԽՄԿ հետ ԱրՊՀ համագործակցությունը և ընդգծել այդ համագործակցության անհրաժեշտությունն ու շարունակականության ապահովումը: