Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում դեկան Լուսինե Մարգարյանը հանդես եկավ 2021-2022 ուստարվա ընթացքում ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ:   

Հաշվետվության ընթացքում նա, ըստ ուղղությունների անդրադարձավ ֆակուլտետի  կառուցվածքին   և նրա կառավարման համակարգին, կրթական գործունեության կազմակերպմանը, ուսումնամեթոդական  գործունեությանը, ուսանողների  և դասախոսների գիտական  աշխատանքին,   համագործակցությանը՝ ներկայացնելով նաև ինքնավերլուծություն ուժեղ  և  թույլ կողմերով:

 

2021-2022 ուսումնական տարում ֆակուլտետում  ուսումնագիտական գործունեությունն  իրականացվել է  4  ամբիոններում ՝ Ակ.  Ս. Աբրահամյանի  անվան  հայոց լեզվի, ռոմանագերմանական լեզուների, գրականության և լրագրության, ռուսաց  լեզվի  և գրականության:  

2021-2022 ուստարվա մեկնարկին  ֆակուլտետն ուներ      468  ուսանող, որից  350՝  առկա ուսուցման համակարգում, ընդ  որում մագիստրատուրայի՝ 51, իսկ  67-ը՝ հեռակա: ֆակուլտետում ձևավորված  էր 32 խումբ.  բակալավրիատի 5 մասնագիտությունների գծով առկա  էր 32 խումբ՝  17-ը  առկա, 7-ը հեռակա,  6  մասնագիտացումներով՝ մագիստրատուրայի 8 խումբ:

Ուսումնամեթոդական  գործունեությունը  բնութագրելով՝    Լ. Մարգարյանը նշել է, որ հաշվետու տարին  անընդհատ էր  ուսումնական գործընթացի կազմակերպման համար.    ուսումնական գործընթացի համակարգայնությունը որոշակիորեն  վերականգնվել է: Ֆակուլտետի  պրոֆեսորադասախոսական կազմը տպագրել է    36  հոդված, հրատարակել 8  ուսումնասիրություն  ու  1  ուսումնամեթոդական աշխատանք:

Դեկանը ներկայացրել է նաև կադրային ներուժի զարգացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները, տարվա ընթացքում իրականացված բազմաբնույթ այն միջոցառումները, որոնք միտված են եղել կրթադաստիարակչական, գիտահետազոտական, դասախոսների որակավորման բարձրացմանը, ուսումնական գործընթացի բարելավմանը, միջբուհական, բուհ-դպրոց կապերի ամրապնդմանը, հասարակությանը կրթագիտական արժեքներ փոխանցելուն և այլ առանցքային ոլորտների:

Հաշվետու  ժամանակաշրջանում ֆակուլտետի  խորհուրդը  հրավիրել է  8  նիստ`  օրակարգային   34  հարցերով: Համալսարանական բոլոր  միջոցառումներին  բանասիրական  ֆակուլտետի  ուսանողության, ըստ  հարկի  նաև  պրոֆեսորադասախոսական կազմի, վարչական աշխատակազմի   ուժերը   ներգրավված էին: 

Ամփոփելով  2021-2022  ուսումնական տարվա  կատարածը՝ դեկան Լ. Մարգարյանը որպես խնդիր առանձնացրել է Անգլերեն լեզու և գրականություն, Թարգմանչական գործ  կրթական ծրագրերի ուսանողների՝ օտարազգի ներկայացուցիչների հետ  հանդիպման, կենդանի շփման  հնարավորություն չունենալը՝ հավելելով, որ  դասախոսական համակազմի կողմից  ջանքեր են գործադրվում էլհարթակի հնարավորություններն օգտագործելու  և  այս  բացը լրացնելու: Ըստ դեկանի՝ թույլ կողմերից է շարունակում մնալ Լրագրություն  կրթական ծրագրի գծով հիմնական աշխատակազմ  ունենալու հարցը:

« Եթե  անցյալ տարի նշել էինք, որ մեր խնդիրն էր  իրականացնել «միջազգայնացում տանը», առցանց հնարավորությունները օգտագործելով՝ հնարավոր բոլոր միջոցներով ներգրավվել Արցախից  դուրս  առկա  իրականությանը ինտեգրվելու, ապա  հաշվետու տարվա արդյունքներից արդեն երևում է, որ առկա  է այդ  ռեսուրսներից  օգտվելու  ունակ  պրոֆեսորադասախոսական  համակազմ:  Դասախոսական համակազմի առցանց  հանդիպումների, վերապատրաստման դասընթացների մասնակցության ակտիվությունը վկայում է, որ  մեկնարկված է  միջազգայնացում տանը գործընթացը»,-որպես ձեռքբերում առանձնացրել է դեկանը և հավելել, որ  ուժեղ  կողմերից են նաև հետևողականորեն իրականացվող այն աշխատանքները, որոնք  ուղղված են  ուսանողների իրազեկվածության մակարդակի  բարձրացմանը,  առավելաբար՝  էլհարթակի հնարավորությունները, կրթական ծրագրերի տարեցտարի կատարելագործումը, շենքային պայմանների բարելավումը:

Դեկան Լ.Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, վարչական աշխատողներին, ուսանողությանն ու ռեկտորին համատեղ աշխատանքի համար:

Հաշվետվությունը գնահատվել է բավարար: Ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանասիրական ֆակուլտետի դեկան Լ.Մարգարյանին՝ բարձր գնահատելով կատարված աշխատանքը: