Արցախի պետական համալսարան
ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հարգարժա՛ն ռեկտոր,
Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ ուսանողներ,
Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՊՄՀ 100-ամյակի առթիվ:
100 տարին պատկառելի տարիք է՝ ստեղծած արժեքների, ավանդույթների ձևավորման և ազգային ու համամարդկային արժեքներ դավանող մասնագետներով պետության տարբեր բնագավառները տասնամյակներ շարունակ համալրելու առումով, ինչն իր հարյուրամյա պատմության ընթացքում լավագույնս է իրականացրել ՀՊՄՀ-ն:
Մեծ է ՀՊՄՀ դերն ու նշանակությունը նաև Արցախի պետական համալսարանի հետ համագործակցության և բուհի տարբեր ամբիոնների զարգացման գործում: Տարիների ընթացքում մենք համագործակցել ենք տարբեր ուղղություններով՝ համատեղ իրականացնելով կրթական, գիտական, մշակութային, մեր ուսանողներին միջազգային ծրագրերում ինտեգրելու և այլ ուղղություններով, որոնք շոշափելի արդյունավետություն են ապահովել բուհի զարգացման գործում, ինչը բարձր ենք գնահատում և, օգտվելով պատեհ առիթից, մեր երախտագիտությունը հայտնում:
Ուրախությամբ ենք արձանագրում, որ այսօր էլ այդ համագործակցությունը շարունակվում է, և լիահույս ենք, որ այն շարունակական կլինի:
ՀՊՄՀ-ն իր հարյուրամյա երթով ոչ միայն որակյալ կադրեր պատրաստելու առաքելություն է իրականացրել, այլ նաև մշտապես եղել է մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման և մարտահրավերների հաղթահարման առաջամարտիկներից: Այդպես էր նաև Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում պատերազմի ավերները հաղթահարելիս: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի համար նահատակված հերոս ուսանողներին:
Մաղթում եմ Ձեզ խաղաղ ու անվտանգ հայրենիքում արարելու և գործունեություն ծավալելու դարերի երթ, հաջողություն և հաղթանակներ՝ ի նպաստ մեր հայրենիքի: