Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ  ԱրՊՀ տնտեսագիտության  ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը ներկայացրեց  2021-2022 ուսումնական տարվա գործունեության մասին հաշվետվություն: Հաշվետվությանը ներկա էին ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ,  խորհրդի անդամներ:

Ֆակուլտետի դեկանը ներկայացրել է հաշվետու տարում ուսումնական գործընթացի, գիտահետազոտական, կազմակերպչական, ուսանողների հետ տարվող բարոյահոգեբանական աշխատանքների ուղղությամբ իրականացված աշխատանքները:

2021-2022 ուսումնական տարում ֆակուլտետում  ուսումնագիտական գործունեությունն  իրականացվել է  երկու  ամբիոններում ՝ «Տնտեսագիտության տեսության և կառավարման» և «Ֆինանսահաշվային»: Ֆակուլտետն առկա և հեռակա ուսուցման համակարգերում  ունի ընդհանուր 301 ուսանող:

Ռ. Մանգասարյանի խոսքով՝ ֆակուլտետն իր գիտական ուսումնասիրությունները և ուսումնական դասընթացները  ծավալել և այժմ էլ  ծավալում  է Արցախի Հանրապետության  սոցիալ -տնտեսական հիմնախնդիրների շուրջ՝ կազմակերպելով գիտական բանավեճեր, կլոր սեղաններ, գիտական ընթերցումներ, ներկայացնելով գիտական հոդվածներ, տարաբնույթ միջոցառումներ:

Հաշվետվության ընթացքում դեկանը ներկայացրել է  նաև ֆակուլտետի ինքնավերլուծություն՝ ուժեղ և թույլ կողմերով, նշել ձեռքբերումներն ու առկա խնդիրները:

«Ամբիոնի դասախոսները տպագրել են  հոդվածներ, կազմել են մասնագիտական դասընթացների  ուղեցույցներ, ծրագրեր, թեստեր, էլեկտրոնային տարբերակով դասախոսություններ: Իրականացվել են արդյունավետ և թափանցիկ  վերահսկողական աշխատանքներ,  և ամրապնդվել է կարգապահությունը: Բուհ-գործատու համագործակցությունն է  ամրապնդվել, որին նպաստել են այդ ուղղությամբ տարաբնույթ միջոցառումների իրականացումը:  Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և կրթական համակարգին առնչվող   հիմնախնդիրների շուրջ ֆակուլտետը ծավալել է  գիտահետազոտական աշխատանքներ»,-հաշվետու տարվա ձեռքբերումների մասին նշել է դեկանը՝ հավելելով դրանց նաև ներհամալսարանական և  արտահամալսարանական գիտահետազոտական միջոցառումներին  ուսանողների ակտիվ և պատշաճ մակարդակով մասնակցության ապահովումը, ՄԿԾ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանցում  ներառված մասնագիտական դասընթացներից ստացված գիտելիքների  ամփոփումը  գիտական ընթերցումներով, մրցույթներով, խմբային աշխատանքներով:

Առկա խնդիրների մասին խոսելով՝ դեկան Ռ. Մանգասարյանը դրանց լուծման  համար անհրաժեշտ է համարում դասախոսական կազմի մասնագիտական կարողությունների շարունակական բարելավումը, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների, հոդվածների տպագրության աճը, էլեկտրոնային դասախոսությունների ժողովածուների    պատրաստումը,  հանրապետությունից դուրս վերապատրաստման դասընթացների մասնակցելը, դասավանդման, ուսումնառության և հետազոտության փոխկապակցման ժամանակակից կրթափորձի մշտապես ուսումնասիրությունը ՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում կիրառելու նպատակով, դասախոսական կազմի երիտասարդացումը /դասախոսների միջին տարիքը 48 է/, ֆակուլտետի շրջանավարտների մեծամասնությունը նախընտրում է գործունեության  այլ ոլորտներ՝ հաշվի առնելով գիտական գործունեության բարդ և աշխատատար լինելը,  կրթական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործման ապահովումը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի խրախուսման արդյունավետ համակարգի ներդրումը, արտաքին համագործակցության շրջանակում կապերի ակտիվացումը:

Հաշվետվության շուրջ ելույթներ են ունեցել պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, ամբիոնների վարիչները, դասախոսներ և ուսանողներ՝ բարձր գնահատելով կատարված աշխատանքը՝ ընդգծելով, որ ֆակուլտետն, ընդհանուր առմամբ, հաշվետու տարում կատարել է իր առջև դրված խնդիրները:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը՝ կատարված աշխատանքի համար և կարևորել միջազգային պարբերականներում գիտական հոդվածներով հանդես գալու անհրաժեշտությունը, ուսանողների շրջանում գիտական ուղղվածությամբ միջոցառումների ակտիվացումը: Հաշվետվությունը գնահատվել է բավարար: