Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է միջոցառում, որը նվիրված էր ԱրՊՀ պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, հ.գ.թ., բուհի հիմնադրման ակունքներում կանգնած ու մինչ օրս սերունդներ կրթող ու դաստիարակող, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, Արցախյան շարժման ակտիվիստ Արզիկ Մխիթարյանի վաստակի գնահատմանն ու արժևորմանը: Առիթը Ա. Մխիթարյանի տարեդարձն էր:
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է Արզիկ Մխիթարյանին՝ նշելով, որ յուրաքանչյուր ծննդյան տարեդարձ առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու մեր կողքին ապրող այն մարդկանց վաստակը, ում կյանքն ամբողջությամբ նվիրում է հայրենիքին ու մասնագիտությանը:
«Մեր կյանքում կան մարդիկ, ումից անընդհատ սովորում ենք: Նրանց համար ապրելու իմաստը մարդկանց հոգիներում գեղեցիկի և բարու սերմեր ցանելն է: Ա. Մխիթարյանին միշտ հաջողվել է մարդկանց հոգիներում լույսի ու հավատի կանթեղներ վառել: Նա իր գործունեությամբ, ընտրյալներին հատուկ պատասխանատվությամբ, հպարտությամբ ու մեծ ոգևորությամբ իրականացրել է սերունդներ կրթելու և դաստիարակելու ազգանվեր գործը»,-մասնավորապես նշել է Էլլադա Բաղդասարյանը:
ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ևս շնորհավորել է Ա. Մխիթարյանին՝ արժևորելով նրա վաստակը. «Տիկին Մխիթարյանը ԱրՊՀ հիմնասյուներից մեկն է և բոլոր այն ժամանակահատվածներում, երբ նա առավել նշանակալի գործերով չէր զբաղված՝ օրինակ ԱԺ պատգամավոր կամ Արցախյան շարժման ակտիվիստ, ամբողջությամբ ԱրՊՀ նվիրյալ էր, այսօր էլ նա շարունակում է այդ նվիրումը»:
Շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք է ասել նաև մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը:
Միջոցառմանը ներկա էին Ա. Մխիթարյանի գործընկերները, ուսանողները և այն շրջանավարտներից, ովքեր այսօր նրա գործընկերներն են արդեն:
«Իմ ծանոթությունը հոգեբանություն գիտության հետ սկսվել է տիկին Մխիթարյանի միջոցով, ոչ անմիջական, որովհետև ավագ դպրոցում սովորելիս հոգեբանություն առարկան ուսումնասիրել ենք նրա հեղինակած դասագրքով: Երախտագիտությունս եմ հայտնում նրան գիտության նկատմամբ սեր արթնացնելու համար: Նա առավել ամուր դարձրեց այդ սերը՝ որպես դասախոս և իր կերպարով կերտեց իմ՝ դասախոսելու, ուսուցանելու, սեփական գիտելիքներս ուսանողներին փոխանցելու ոճը: ՈւԽ նախագահ լինելուս տարիներին բախտ եմ ունեցել ճանաչելու նաև դեկան Մխիթարյանին, և յուրաքանչյուր ուսանող իր թիկունքին մշտապես զգում էր նրա հովանավորությունը և նույնիսկ սխալների դեպքում նա փորձում էր ուսանողներին արդարացնել ուրիշների մոտ, իսկ կուլիսների հետևում՝ հանդիմանում և ճիշտ ուղի ցույց տալիս: Նա իր օրինակով ապացուցեց,որ կինը կարող է լինել և՛ մեծ գերդաստանի մայր, և՛ ակտիվ գործունեություն ծավալել հասարակական-քաղաքական ասպարեզներում»,-նշել է մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան Արմինե Ալոյանը՝ շնորհավորելով Ա. Մխիթարյանին:
Ուսանողները ելույթներով ու տեսանյութերով ներկայացրել են Ա. Մխիթարյանի կենսագրությունից ուշագրավ դրվագներ և շնորհավորանքներ:
Միջոցառման և հնչած ելույթների համար շնորհակալություն հայտնելով՝ Ա. Մխիթարյանը նշեց, որ իր կյանքը համարում է նվիրում համալսարանին ու հայրենիքին, ազգային-ազատագրական պայքարին. «Մանկուց իմ ականջը սովորել էր ազգային-ազատագրական պայքարի անհրաժեշտությանը: Դա իմ երակների, արյան մեջ էր: Նժդեհյան հայտնի ճշմարտությամբ ասած՝ կուզենայի մահս անգամ ծառայեր հայրենիքիս, իմ երկրին»:
Ավելի քան չորս տասնյակ գիտական հոդվածների, ուսումնամեթոդական դասագրքերի հեղինակ Արզիկ Մխիթարյանի վաստակը գնահատվել է ԱրՊՀ ղեկավարության կողմից՝ նրան շնորհելով ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալ: Հայրենիքին, ազգային ազատագրական պայքարին, Արցախի պետական համալսարանին, ՀՀ և ԼՂՀ ՊԲ-ին մատուցած ծառայությունների համար Արզիկ Մխիթարյանն արժանացել է պետական և գերատեսչական բարձր պարգևների: Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 125-Ա հրամանագիր, 27.12.2014թ.) և «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 256 հրամանագիր, 01.09.2001թ.):