Արցախի պետական համալսարան
Բուհ-դպրոց համագործակցության շրջանակում տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» 3-րդ կուրսի ուսանողները ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ այս օրերին Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ այցելություններ են կատարել Ստեփանակերտի ու շրջանների մի շարք դպրոցներ և հանդես եկել զեկուցումներով:
Դպրոցականների հետ հանդիպումների ընթացքում ուսանողները հետաքրքիր և բովանդակալից փաստերով ու տեղեկատվությամբ ներկայացրել են օրվա խորհուրդը, խոսել ժամանակի, անձնական կապիտալի տնտեսման ուղիների մասին, իրենց խորհուրդները տվել տնտեսումն առավել արդյունավետ իրականացնելու համար:
Նպատակը, ըստ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Ավանեսյանի, դպրոցականներին ֆինանսական գրագիտություն փոխանցելն է:
«Արցախի բնակչության համար արդիական է բնական ռեսուրսների նկատմամբ հոգատար վերաբերմունքի ցուցաբերումը: Անհրաժեշտ է էլ ավելի խորը մտահոգվել գյուղատնտեսական արտադրանքի արտադրողականության բարձրացմամբ, հայթայթել մնացած հողատարածքները վերամշակելու առավել ինտենսիվ եղանակներ: Պատերազմից հետո մեր հանրապետությունում արդեն իսկ սահմանափակ են էլեկտրաէներգիայի, ջրային և այլ ռեսուրսները: Կարևոր խնդիր է դրանց ողջամիտ օգտագործումը: Մեր բնական հարստությունների հանդեպ հոգատար վերաբերմունքը ապագայում բարեկեցության երաշխիքներից է ողջ Արցախի բնակչության համար»,- նշել է Ն. Ավանեսյանը:
«Ֆինանսներ» 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մարտիրոսյանը, կարևորելով նման միջոցառումների նշանակությունը ուսանողության համար, անհրաժեշտ է համարում դրանց շարունակականությունը՝ ընդգծելով, որ նման միջոցառումները խթանում են ուսանողների ինքնուրույն աշխատելու, վերլուծական մտածողության և հանրության առջև ելույթներով հանդես գալու կարողությունները: