Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 9-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ «Արժութային տատանումները և դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» թեմայով, որին մասնակցում էին ՀՊՏՀ-ից հրավիրված դասախոս, տ.գ.թ., դոցենտ Սուրեն Պարսյանը, Արցախի Հանրապետության գործարար հատվածի ներկայացուցիչներ, ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներ:

Նախքան քննարկումը սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 2020 թ. պատերազմի զոհերի հիշատակը:

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է քննարկվող թեմայի արդիականությունը՝ ընդգծելով, որ 2020 թ. պատերազմից հետո տարածաշրջանում փոխվել են տնտեսական զարգացման հնարավոր սցենարները:
«Պատերազմի հետևանքներն ու նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հայկական երկու պետությունների համար նոր տնտեսական խնդիրներ են առաջացրել՝ կապված ծախսված միջոցների, տուժած ենթակառուցվածքների վերականգնումների, ինչպես նաև համաձայնագրի դրույթների ապահովման հետ: Արցախի Հանրապետությունը զրկվել է նաև տնտեսական գործունեության ապահովման կենսական նշանակության մի շարք ենթակառուցվածքներից՝ պարփակվելով հետագա զարգացման համար չափազանց սահմանափակ հնարավորությունների տիրույթում»,-նշել է Ռ. Մանգասարյանը՝ հավելելով, որ հրատապ խնդիր է դառնում առկա ռեսուրսների և հնարավորությունների վերագնահատումը՝ դրանք հետպատերազմյան տնտեսության վերականգնմանը ծառայեցնելու նկատառումներով:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձավ ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությամբ տարածաշրջանի ֆինանսական շուկաներում առաջացած տատանողականությանն ու դրանց ազդեցությանը ՀՀ-ի ու Արցախի տնտեսությանը: Ըստ նրա՝ այդ ազդեցությունները ոչ միայն բացասական, այլ նաև որոշակի դրական ալիքներ ունեն՝ տարածաշրջանից ՀՀ մարդկային ռեսուրսների և կապիտալի ներհոսքի առումով։ Մյուս տեսանկյունից դրական ալիք է նաև ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունների շնորհիվ որոշակի ապրանքատեսակների արտահանումը ՌԴ:
«Հայաստանի և Արցախի տնտեսությունները գտնվում են ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած ցնցումների ազդեցության տակ՝ դրական և բացասական: Հանքարդյունաբերությունը ի հաշիվ համաշխարհային շուկայում բարձր գների կկարողանա իր աճը ապահովել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում և դրական ազդեցություն կունենա հարկային մուտքերի վրա: Մետաղի գների աճը առաջիկայում ևս դրական ազդեցություն կունենա հանքարդյունաբերության վրա:
Արցախի տնտեսության մյուս ճյուղերն էլ պետք է զարգացնել՝ սննդի, զբոսաշրջության, գյուղատնտեսության»,- ընդգծել է Ս. Պարսյանը՝ զբոսաշրջության զարգացման վրա որպես բացասական ազդեցություն նշելով դոլար-դրամ փոխարժեքի պայմանները:
«Պատերազմից հետո գյուղատնտեսության ոլորտն ամբողջությամբ չի վերականգնվել՝ չնայած մեծ գումարներ են ներդրվում այս ուղղությամբ: Միայն պետական սուբսիդիաներով ու աջակցությամբ հնարավոր չէ երկարաժամկետ կայուն աճ ապահովել, այստեղ ԱՀ Կառավարությունը գյուղատնտեսությունը վերամշակման ոլորտի հետ կապը պետք է սերտացնի, ինչը թույլ կտա այն դարձնել շահութաբեր: Հայաստանում և Արցախում գյուղոլորտի շահութաբերությունը բավականին ցածր է, դրան գումարած էներգակիրների գների աճը ՀՀ-ում:
Այս ամենը թանկացնում են ՀՀ-ում գյուղատնտեսական մթերքների արտադրությունը: Դոլար-դրամ փոխարժեքի պայմաններում ներկրվող գյուղմթերքը ավելի էժան է դարձել, քան տեղում արտադրվողը: Մենք ունենք բավականին լուրջ մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար ՀՀ և Արցախի տնտեսության մրցունակությունը պետք է կտրուկ բարձրացնենք»,-ասել է Ս. Պարսյանը՝ առաջնահերթ համարելով անվտանգության հարցը և ընդգծելով, որ առանց անվտանգության ամբողջական ապահովման սոցիալ-տնտեսական ծրագրերի արդյունավետությունը ցածր կլինի:
Արտարժույթի փոխարժեքի հետ կապված խնդիրներից Ռ. Մանգասարյանն առանձնացրել է սպառողական զամբյուղի ապրանքատեսակների գնաճի հարցը, որի շուրջ իրենց տեսակետներն են հայտնել նաև քննարկման մասնակիցները:
Գործարար Բորիս Բարսեղյանը, խոսելով քննարկվող խնդրից, ընդգծել է, որ Արցախում բիզնեսը պետք է ծառայեցնել ժողովրդին: Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր գործարար պետք է եկամտից ու շահից վեր դասի հայրենիքին ու ժողովրդին ծառայելը:
 
«Պետք է բոլորս համախմբվենք այս գաղափարի շուրջ, որ բիզնեսը պետք է ծառայի ժողովրդին, որպեսզի արցախցին ապրի իր տանը, իր երկրում, որ ապրի Արցախը, որովհետև սա մեր հայրենիքն է, այստեղ մեր տունն է»,-ամփոփել է Բ. Բարսեղյանը: