Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում դեկան Արմինե Խաչատրյանը ներկայացրել է 2021-2022 ուստարվա ընթացքում ֆակուլտետի կատարած աշխատանքի մասին հաշվետվություն: Նիստին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, ֆակուլտետի խորհրդի անդամներ: Դեկանն ըստ ուղղությունների անդրադարձել է  ֆակուլտետի  կառուցվածքին   և նրա կառավարման համակարգին, կրթական գործունեության կազմակերպմանը, ուսումնամեթոդական  գործունեությանը, ուսանողների  և դասախոսների գիտական  աշխատանքին,   համագործակցությանը՝ ներկայացնելով նաև ինքնավերլուծություն ուժեղ  և  թույլ կողմերով:

Համաձայն հաշվետվության՝   2021-2022 ուստարում ֆակուլտետն իր գործունեությունը ծավալել է պատմության և քաղաքագիտության, իրավունքի, կերպարվեստի  ամբիոնների միջոցով,  ուսանողության  թիվը   բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերում կազմում էր   343:

Դեկանի խոսքով՝ պատմության և քաղաքագիտության ամբիոնն  իր գիտական ուսումնասիրությունները և ուսումնական դասընթացները ծավալել և այժմ էլ ծավալում է հայոց պատմության, ազգագրության, հնագիտության և ընդհանուր պատմության մի շարք հիմնախնդիրների ուսումնասիրության և պատմության դասավանդման  մեթոդիկայի ուղղությամբ: Ամբիոնի դասախոսները տպագրել են հոդվածներ, մենագրություններ, կազմել են մասնագիտական ծրագրեր, թեստեր, էլեկտրոնային տարբերակով դասախոսություններ: Հաշվետու տարում հրատարակվել է 40 գիտական աշխատություն: Մասնակցություն է հանդես բերվել միջազգային գիտաժողովների: Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոսները մասնակցել են գիտաժողովների՝ թե Արցախում, թե ՀՀ-ում:

Իրավունքի ամբիոնն իր գիտական ուսումնասիրություններն ու ուսումնական դասընթացները ծավալել է սահմանադրական, վարչական, քրեական, քաղաքացիական իրավունքի, դատավարության ուղղություններով: Ամբիոնում դասավանդում են պրակտիկ իրավաբաններ՝  դատախազներ, դատավորներ: Ա. Խաչատրյանի հավաստմամբ՝  նրանց պրակտիկ փորձը լավագույնս է ազդում ուսումնական գործընթացի վրա: Ամբիոնի դասախոսները տպագրել են հոդվածներ, թեստեր, թարմացրել առցանց ուսուցման համակարգը:

Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակված աշխատությունների թիվը՝ 4: Հաշվետու ժամանակաշրջանում ամբիոնն ունեցել է 2 ասպիրանտ ու 2 հայցորդ:

Կերպարվեստի ամբիոնում  իրականացվել են ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներ: Պատշաճ կերպով իրականացվել է ամառային` պլեներային և  թանգարանային փորձուսուցումը:  Իրականացվել են   ակադեմիական հաջողված  աշխատանքների  ցուցադրում (Գծանկար, Գունանկար,Կոմպոզիցիա), դասախոսների  աշխատանքների  ցուցադրում  բաժնի  ուսանողներին: Կատարվել են թեմատիկ   աշխատանքներ` նվիրված  ԱրՊՀ-ի 50-ամյակին              ( Գրաֆիկա, Քանդակ,  Գունանկար): Կազմակերպվել են միասնական ցուցահանդեսներ:  

  

Հաշվետու տարում ամբիոններում իրակացվել են մի շարք ուսումնամեթոդական աշխատանքներ՝ ուսումնական ծանրաբեռնվածության կատարման վերահսկում, գիտական աշխատանքների քննարկում, ներամբիոնային դասալսումների անցկացում և քննարկում, թեստերի, հարցաշարերի, տոմսերի փորձաքննություն, ինքնուրույն աշխատանքների ստուգման վերահսկում` ըստ նախօրոք կազմված ժամանակացույցի, համապատասխան առարկայական նկարագրերի ու դասախոսությունների «Classroom» հարթակում տեղադրման աշխատանքներ, ասպիրանտների և հայցորդների ատեստավորում: Պատմության և քաղաքագիտության ամբիոնը համագործակցել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ ԳԱԱ պատմության և հնագիտության ու ազգագրության ինստիտուտի, Գորիսի պետական համալսարանի,Վորոնեժի պետական համալսարանի հետ:   ԱրՊՀ իրավունքի ամբիոնը համագործակցություն է հաստատել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի, Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության և իրավապահ մարմինների հետ: Այդ համագործակցության արգասիքը պարբերաբար իրավագիտության բաժնի ուսանողների համար կազմակերպվող դասախոսություններն են, դատախաղերը, կոնֆերանսները,  կլոր սեղանները, ամբիոններում կատարվող փոխադարձ գիտական քննարկումները:

Դեկանը ներկայացրել է նաև ինքնավերլուծություն՝ ուժեղ և թույլ կողմերով:

«ֆակուլտետի ուժեղ կողմը մեր գնահատմամբ ուսանող- դասախոս-ամբիոն-դեկանատ փոխհամագործակցության ամուր հենքն է, ուսանողների ներգրավվածությունը համալսարանական, արտահամալսարանական միջոցառումներին, ուսման գործընթացի բարելավմանը: Թույլ կողմը՝ փոխադարձ դասալսումների և քննարկումների, առաջավոր մանկավարժական փորձի ներդրման ոչ բավարար մակարդակը: Ոչ լիարժեք է գործում բուհ-գործատու կապը, չնայած այդ ուղղությամբ կատարվում են աշխատանքներ, մասնավորապես մանկավարժի ներկա լինելը ամփոփիչ ատեստավորման քննություններին, փորձուսուցումների կազմակերպում և այլն:  Մասնագիտական ոլորտում առկա է իրավունքի ամբիոնի հիմնական կորիզի ոչ լիարժեք թվակազմ: Առկա է հայոց պատմություն մագիստրատուրայի կրթական ծրագիրը, կարիք կա և տարեցտարի աճում է համաշխարհային պատմության կրթական ծրագրի մագիստրատուրայի անհրաժեշտությունը»,-նշել է Ա. Խաչատրյանը:

Դեկանի հաշվետվության շուրջ հնչել են ելույթներ, առաջարկություններ: Հաշվետվությունը գնահատվել է բավարար: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը իրականացված աշխատանքի համար, իսկ հնչած առաջարկությունների վերաբերյալ նշել, որ բուհի կողմից կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը՝ ուսուցման գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով: