Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել  ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում դեկանի պաշտոնակատար Շահեն Այդինյանը ներկայացրել է 2021-2022 ուստարվա ընթացքում ֆակուլտետի կատարած աշխատանքի մասին հաշվետվություն: Նիստին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, ֆակուլտետի խորհրդի անդամներ:

Դեկանը ներկայացրել է ֆակուլտետի կառուցվածքը և կառավարման համակարգը, հաշվետու տարում կրթական գործունեության կազմակերպումը, իրականացված գիտամեթոդական և մեթոդական աշխատանքը, ուսանողների հետ աշխատանքը և արտալսարանային գործունեությունը, միջբուհական և այլ համագործակցության ուղղությամբ կյանքի կոչված ծրագրերը:

 

«2021-22 ուսումնական տարում մանկավարժության և սպորտի ֆակուլտետում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվել ու իրականացվել են անվտանգային համեմատաբար կայուն պայմաններում, չնայած տարվա ընթացքում Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության  տարբեր բնակավայրերի ուղղությամբ տեղի են ունեցել ռազմական բնույթի միջադեպեր ու ընդհառումներ: Ուսումնական տարին ամբողջությամբ բարվոք չէր նաև համաճարակային հիվանդությունների պարբերաբար սրացումների առումով: Չնայած այս ամենին, ֆակուլտետում տարվա ուսումնադաստիարակչական աշխատանքները իրականացվել են կրթական ծրագրերի պահանջների և ստորաբաժանումների ուստարվա պլանների համապատասխան»,-նշել է  Շ. Այդինյանը:

Համաձայն հաշվետվության՝ 2021-22 ուստարում մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսուցման առկա համակարգի բակալավրիական չորս կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ ձևավորվել էր 14 խումբ՝  171 ուսանող թվակազմով և մագիստրոսական երկու կրթական ծրագրերի ուղղությամբ երեք խումբ՝  25 ուսանող թվաքանակով: Հեռակա համակարգում բակալավրիատում ուսուցումը իրականացվել է երեք կրթական ծրագրերի 10 խմբերում, ուսանողների թիվը 145: Հեռակա համակարգի ընդամենը մեկ մագիստրոսական ծրագրում ֆակուլտետն ունեցել է  մեկ խումբ՝ 13 ուսանող թվաքանակով: Հաշվետու ուստարում ֆակուլտետի ուսանողների ընդհանուր թիվը 354 էր:

Խոսելով գիտամեթոդական աշխատանքից՝ Շ. Այդինյանը նշել է, որ  այն կազմում է գործունեության կարևորագույն մասը: 2021-22 ուստարում ֆակուլտետի ամբիոններում այս ուղղությամբ տարվել է զգալի աշխատանք:  Ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության, ֆիզդաստիարակության և ՆԶՊ ամբիոններում գիտական և գիտամեթոդական աշխատանքների ուղղություններ են հանդիսացել ստեղծագործական մտածողություն և հումանիստական արժեհամակարգ ունեցող մանկավարժների հիմնախնդիրները, հետպատերազմական հոգեբանական  բացասական ազդեցությունների ուսումնասիրման ու դրանց հաղթահարման ուղղություններն ու եղանակները, ֆիզդաստիարակության տեսության և մեթոդիկայի, առողջ ապրելակերպի, առողջության ամրապնդման, ռազմական- փորձագիտական և վերլուծական գործունեությունը:

Ամբիոնների դասախոսները տպագրել են հոդվածներ, կազմել են մասնագիտական դասընթացների թեստեր,առարկայական նկարագրեր և մասնակցել տարբեր կոնֆերանսների և գիտաժողովների:

Ֆիզդաստիարակության և ՆԶՊ ամբիոնում հաշվետու ուսումնական տարում որոշակի աշխատանքներ  են կատարվել ռազմավարական և մասնագիտական կրթական ծրագրերի, հեռավար դասընթացների, «Ֆիզիկական դաստիարակություն  և սպորտային մարզումներ», «ՆԶՊ» կրթական ծրագրերի ընդունելության քննությունների նորմացույցերի, դասալսումների, մասնագիտական և ոչ մասնագիտական նորմացույցերի,  թեստերի, ինքնուրույն աշխատանքների ստուգման նոր մեթոդաբանության մշակման ուղղությամբ:

Յուրաքանչյուր կիսամյակում ոչ միայն իրագործվում են ուսումնական գործընթացները, այլ նաև  կիսամյակների վերջում կատարվում է իրագործված աշխատանքների քանակական, որակական կողմերի վերլուծությունը: Կատարվում է վերլուծություն թերությունների շտկման գործունեության բարեփոխման նկատառումներով:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնում տարվել են աշխատանքներ մանկավարժության և հոգեբանության արդիական խնդիրների շուրջ: Ապահովվել է  բոլոր դասընթացների գծով առարկայական ծրագրերի, դասախոսությունների, ինքնուրույն աշխատանքների թեմաների և դրանց կատարման ու գնահատման մեթոդաբանությունը: Ուսուցման ընթացքում կիրառվել է մանկավարժական նորարարական տեխնոլոգիաների  իրականացում: Դասախոսների կողմից անց են կացվել գիտական սեմինարներ և քննարկումներ: Ամբիոնի նիստերին իրականացվել է մասնագիտական հոդվածների քննարկումներ, ուսանողների գիտական աշխատանքների ղեկավարների հաշվետվություններ: Ուսումնամեթոդական աշխատանքի արդյունավետ ձև է հանդիսացել նաև ուսանողների հետ տարվող անհատական խորհրդատվությունները:

Շ. Այդինյանը ներկայացրել է նաև ամբիոնների և հոգեբանական կենտրոնի կողմից հաշվետու տարում իրականացրած միջոցառումները, համագործակցային ծրագրերը:

Հաշվետվությունը գնահատվել է բավարար: Ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ տալով առաջարկություններ ու հանձնարարականներ: