Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանում այսօր՝ նոյեմբերի 10-ին, բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է ծրագրավորման օլիմպիադա, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների աշակերտներ:
Ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանի խոսքով՝ օլիմպիադայի կազմակերպումը միտված է բուհ-դպրոց համագործակցության ամրապնդմանը, հանրության շրջանում բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունն ավելացնելուն:
«Մեր նպատակն է նման միջոցաոռւմների արդյունքում բացահայտել լավագույն աշակերտներին, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը և ուղղորդել դեպի ԱրՊՀ, որոնք պիտի համալրեն բաժնի ուսանողության շարքերը», -նշել է Վազգեն Առստամյանը՝ հավելելով, որ ամբիոնը պատրաստում է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավր և մագիստրոսի որակավորմամբ մասնագետներ, որոնք կարող են աշխատել կազմակերպություններում և ընկերություններում՝ որպես ծրագրավորման, հաշվողական ցանցերի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ:
Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչը օլիմպիադայի մասնակիցներին ներկայացրել է օլիմպիադայի ընթացակարգն ու կանոնները, որից հետո մասնակիցներն անցել են առաջադրված խնդիրների լուծմանը:
Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կխրախուսվեն ԱրՊՀ կողմից: