Արցախի պետական համալսարան
Նոյեմբերի 10-ին տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի կողմից Խնայողության միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել։
Արդեն 7-րդ տարին է՝ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է հասարակության մեջ ֆինանսական գրագիտություն սերմանող ինֆորմատիվ, ուսուցողական ծրագիրը։
Տնտեսագիտության ֆակուլտետի ՈւԽ նախագահ Մարիամ Վահանյանի խոսքով՝ այս անգամ քննաշրջանի հետ պայմանավորված հետաձգվել, բայց և 1 շաբաթվա տքնաջան աշխատանքի շնորհիվ ստացել են այն արդյունքը, որին ձգտել են։
Ուսանողների կողմից ներկայացվել են արդիական թեմաներով զեկուցումներ, որոնք վերաբերում էին աշխարհի 10 առաջատար խնայող երկրների առանձնահատկությունների վերլուծությանը, վախի և ագահության ինդեքսի վերլուծությանը և դինամիկային արդի ժամանակներում, `` Time management ``-ի գիտական մոտեցումներին, ԱՀ առողջապահության համակարգի գործունեության ընդհանուր վերլուծությանը, ԱՀ ավանդային շուկայի վերլուծությանը։
Ելույթների ավարտից հետո հնչել են հարցեր, կատարվել դիտարկումներ։
Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը կարևորել է միջոցառումը՝ մասնավորապես նշելով.
«Կարևորում եմ նման միջոցառումները՝ առավել ևս, որ գիտական բաղադրիչ են պարունակում. ուսանողների մոտ զարգանում է վերլուծական միտքը, և հնարավորություն է տալիս կատարել համեմատական ու տրամաբանական վերլուծություններ։ Ընդգրկված էին այնպիսի թեմաներ, որոնք նորարարական էին և ուսուցողական։ Նման միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ»։
Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Ավանեսյանը նշեց, որ տարիներ շարունակ այս միջոցառումը կազմակերպվում էր գիտաճանաչողական ձևաչափով, բայց այս տարի ընտրեցին ավելի նեղ՝ գիտական ուղղվածության թեմաներ, որպեսզի վեր հանվեն այն արդիական ու խնդրահարույց հարցերը, որոնց հանդիպում է հասարակությունը՝ չտիրապետելով համապատասխան ինֆորմացիայի։