Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 2-ց 11-ը Արցախի պետական համալսարանում դասախոսություններով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Լուսինե Թումանյանը: ԱրՊՀ այցելելու և դասախոսություններով հանդես գալու նախաձեռնությունը Լ. Թումանյանինն է, ով վերջերս Արցախի Հանրապետությունում կայացած «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում Արցախում էր և ցանկություն էր հայտնել ԱրՊՀ-ում դասախոսություններ վարել հայագիտական թեմաներով, ինչին ընդառաջել էր ռեկտոր Արմեն Սարգսյանը:

Դեռևս 2019 թ. «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի և Արցախի պետական համալսարանի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր, որի դրույթներից էր նաև Մատենադարանի մասնագետների կողմից ԱրՊՀ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերելը:
Լուսինե Թումանյանի խոսքով՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ևս ողջունել է նրա նախաձեռնությունը՝ գործուղելով նրան Արցախի պետական համալսարան:
Դասախոսություններին մասնակցում էին «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրերով սովորղ ուսանողները: Պատմաբան և ձեռագրագետ Լուսինե Թումանյանը «Պատմություն» մասնագիտությամբ սովորողների համար դասախոսություններով հանդես է եկել «Ձեռագիր մատյանները», «Հայկական մանրանկարչություն», «Ձեռագրերի փրկությունը Մեծ Եղեռնի ժամանակ», «Աղթամարի ձեռագրական ժառանգությունը», «Վանա լճի Լիմ կղզու ինքնապաշտպանությունը», «Եղիշե և Դադ առաքյալներ» թեմաներով, իսկ բանասերների համար՝ «Հայերեն ձեռագիր մատյանները», «Հայկական մանրանկարչությունը» թեմաներով: Դասախոսությունների ընթացքում նա անդրադարձել է հայերեն ձեռագրերին, ձեռագրաստեղծմանը, ձեռագրագիտությանը, մանրանկարչությանը, ձեռագրերի փրկությանը:
«Շատ հիացած եմ ԱրՊՀ ուսանողներով, բավականին ուշադիր լսում և հետաքրքրություն են ցուցաբերում: Մենք գրատեսակներն ենք նայել՝ երկաթագիր, բոլորգիր, մագաղաթյա և թղթյա ձեռագիր մատյանների ստեղծման գործընթացին ենք ծանոթացել: Շատ հաճելի է ԱրՊՀ-ում դասախոսություններ կարդալը: Որոշ չափով անդրադարձել եմ նաև Արցախում ստեղծված ձեռագրերին: Ուսանողներին ցույց եմ տվել այնպիսի հայտնի գրիչների և ծաղկողների ձեռագրերից նմուշներ, ինչպիսիք են Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը, Մինաս Ծաղկողը, Թորոս Տարոնացին, մեր ամենահին ամբողջական մատյանի՝ Վեհամոր Ավետարանի հետ են ծանոթացել, որը Գարդմանի Մեծ Բանանց գյուղից էր գտնվել, և Վազգեն Վեհափառն ընծայել էր Մատենադարանին, Թարգմանչաց Ավետարանին են ծանոթացել, որը Արցախի Թարգմանչաց վանքի անունով է կոչվում, և այլ գեղեցիկ ու հետաքրքիր ցուցանմուշների թվային պատճեններ»,-նշել է Լ. Թումանյանը՝ գոհունակություն հայտնելով ուսանողներից, որոնց հետ ինտերակտիվ մեթոդով ամփոփվել են դասախոսությունների ընթացքում ստացած նոր գիտելիքները:
ԱրՊՀ ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Լ. Թումանյանին՝ ակնկալելով նման այցերի ու դասախոսությունների շարունակականություն, որոնք ոչ ֆորմալ կրթության ձևաչափով գիտելիք ստանալու լավագույն հարթակներից են: