Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում դեկան Վոլոդյա Միրզոյանը հանդես է եկել 2021-2022 ուստարում ֆակուլտետի կատարած աշխատանքի մասին հաշվետվությամբ: Նիստին ներկա էին նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, ֆակուլտետի խորհրդի անդամներ:
Բնագիտական ֆակուլտետն իր գործունեությունը ծավալել է չորս՝ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և ֆիզիկայի, աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնների միջոցով:
Համաձայն հաշվետվության՝ 2021-2022 ուստարում ուսումնական գործընթացը կազմակերպվել է բակալավրիատի առկա և հեռակա, ինչպես նաև մագիստրատուրայի առկա և հեռակա ուսումնական ծրագրերով: Հաշվետու տարում բնագիտական ֆակուլտետի ուսանողների թիվը կազմել է 480, թվով 48 խումբ, առկա բաժնի ուսանողների թիվը բակալավրիատում կազմել է 245, իսկ հեռակա բաժնում՝ 173: Մագիստրատուրայում այն կազմել է 62: Թողարկվել են 8 մասնագիտություններով շրջանավարտներ, որոնց ընդհանուր թիվը կազմել է 127: Տարվա արդյունքներով ուսանողության շարքերից ազատվել է 40 ուսանող, 82 ուսանողի տրվել է կրթաթոշակ, այդ թվում 26-ը՝ գերազանցության:
Ուսումնական գործընթացի համար ամբիոններում ժամանակին բաշխվել և հաստատվել են դասախոսական անձնակազմի ծանրաբեռնվածությունը, կազմվել են օրացուցային թեմատիկ պլանները: Գործող կարգի համաձայն դասախոսների կողմից տրվել են քննական հարցաշարերը և ժամանակին հանձնարարվել են ինքնուրույն աշխատանքների թեմաները: Կիսամյակի կտրվածքով դեկանատում կազմվել, ժամանակին հաստատման են ներկայացվել բոլոր կարգի ժամանակացույցերը : Կատարված աշխատանքում այնուամենայնիվ կան որոշ բացթողումներ, մասնավորապես դեռևս բավարար չեն ինքնուրույն աշխատանքի կատարման աշխատանքները:
«Բնագիտական ֆակուլտետի առաքելությունն է մասնագիտական գիտելիքներով և հմտություններով մրցունակ, համամարդկային արժեքները ճանաչող, ազգայինը կարևորող, արհեստավարժ, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագետների պատրաստումն է: Բնագիտական ֆակուլտետի տեսլականն է բարձրացնել ստորաբաժանման գործունեության արդյունավետությունը, նպաստել ֆակուլտետի մրցունակության բարձրացմանը, ապահովել կրթական բարձրորակ մշակույթի ձևավորումը, մատուցող կրթական ծառայությունների համապատասխանությունը և համադրելիությունը միջազգային չափանիշների: Բնագիտական ֆակուլտետի շրջանավարտը պետք է լինի համակողմանի զարգացած, պետական մտածելակերպով օժտված քաղաքացի և հարգի պետական խորհրդանիշները»,-նշել է Վոլոդյա Միրզոյանը և հանգամանալից ներկայացրել այդ նպատակներին ու տեսլականին միտված գիտակրթական, մշակութային, դաստիարակչական և այլ միջոցառումներ, որոնք կազմակերպել է ֆակուլտետը հաշվետու տարում:
Խոսելով խնդիրներից՝ Վ. Միրզոյանն առանձնացրել է բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրության նվազումը:
«Մեզ բոլորիս հայտնի է, որ վերջին տարիներին բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը նվազելէ, ինչը փաստում է այս և նախորդ տարիների դիմորդների կտրուկ անկումը: Ես կարծում եմ, որ նախ կարևոր է հանրակրթական դպրոցի դերը, հիմնական օղակում բնագիտական առարկաներին հատկացված դասաժամերի քանակը քիչ է, մատուցվելիք գիտելիքներ` շատ: Սա հնարավորություն չի ընձեռում ուսուցչին և աշակերտին բացահայտելու առարկան և հետաքրքրություն առաջացնելու նրա նկատմամբ: Պակաս կարևոր չէ նաև աշխատանքի տեղավորման հարցը, մանկավարժ աշխատելը եկամտաբեր չէ, գիտահետազոտական ինստիտուտներ, արդյունաբերություն չունենք, տնտեսության և գիտության կողմից պատվերներ չկան»,-նշել է դեկանը՝ կարևորելով բուհ-դպրոց կապը և համագործակցության արդյունավետ ձևաչափ գտնելը: Նրա խոսքով՝ խնդրի լուծմանը նպաստելու նպատակով հաշվետու տարում համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ այցելություններ են կազմակերպել հանրապետության շրջանների մի շարք դպրոցներ, համապատասխան մասնագետները հանդես են եկել դասախոսություններով, ինչը, նրա կարծիքով, պետք է ակտիվացվի ու շարունակական բնույթ ունենա:
Հաշվետվության շուրջ հնչել են ելույթներ՝ բարձր գնահատելով ֆակուլտետի կատարած գործունեությունը: Հաշվետվությունը գնահատվել է բավարար: