Արցախի պետական համալսարան
Նոյեմբերի 11-ին Արցախի պետական համալսարան են այցելել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչները և կազմակերպել կրթական հիմնադրամի մասին իրազեկող միջոցառում՝ խաղաղային բաղադրիչով։
Հիմնադրամի համալսարանական հավաքագրման ղեկավար Անժելա Գալստյանի խոսքով՝ սկսվել են ուսանողների հավաքագրմանն ուղղված աշխատանքները, և նրանց այցը ԱրՊՀ այդ ծրագրի շրջանակում է։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կրթական հիմնադրամ է, որի նպատակն է ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կունենա հնարավորություն՝ բացահայտելու իր ողջ ներուժը գերազանց կրթության միջոցով։ Հիմնադրամի առաքելությունն է երիտասարդների համազգային շարժման խթանումը՝ հանուն Հայաստանի եւ Արցախի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երկամյա Ուսուցիչների առաջնորդության զարգացման ծրագիրը նպատակ ունի ներգրավելու տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներին, ովքեր անցնելով մանկավարժական եւ մեթոդաբանական վերապատրաստում՝ կգործուղվեն Հայաստանի եւ Արցախի համայնքներ՝ դասավանդելու, իրականացնելու համայնքային զարգացման ծրագրեր եւ արտադասարանային պարապմունքներ։
Առաջնորդության զարգացման ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ փոփոխություն գեներացնող կրթության հավասարության դեսպանների համայնք, ովքեր ունեն արժեքներ, հմտություններ, գիտելիք ու փորձառություն, որն անհրաժեշտ է պայքարելու հանուն կրթության հավասարության և կրթական համակարգի բոլոր մակարդակներում փոփոխություններ խթանելու համար: