Արցախի պետական համալսարան

Արցախյան երրորդ պատերազմ. որքան շատ կորցրեցինք...կորցրեցինք անդարձ, սակայն հոգու ամենախորքում` ամենատաքուկ անկյունում չկորավ սպասումի հույսը։

2020 թվականի հոկտեմբերի 27-ին իմ հայրենի Ավետարանոցն անցավ թշնամու տիրապետության տակ։

Անվերջ կարելի է խոսել ու պատմել իմ գյուղի մասին։

Ավետարանոցս Արցախի հնագույն բնակավայրերից է, հուշագրություններում և պատմական հիշատակարաններում առավելապես հայտնի է դարերի խորքից։

Ավետարանոց գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնցից 53-ը համարակալված և հաշվառված են պետության կողմից։ Կան նաև բազմաթիվ այլ պատմական հուշարձաններ, որոնք ներառված չեն պետության կողմից կազմված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմից հետո, երբ Ավետարանոց գյուղը անցավ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, հեռվից ենք նայում գյուղին ու հեռվից փորձում սփոփել մեր չսպիացող վերքը:

     Պատերազմից երկու տարի անց նորից խոսում եմ ներկայով,ամեն օր, ամեն ժամ քայլում այն արահետներով, այն նեղլիկ կածաններով,որոնք լիքն են սիրով, ջերմությամբ, հուշերով, նպատակներով ու երազանքներով։

Եվ ես ինչպես առանձնացնեմ մեկին, եթե ամեն գյուղացի ցավ է ապրում իր ստեղծածի ու կորցրածի, իր տան, իր այգու, իր ապրումների համար։

Մի օր կավարտվի այս մղձավանջը, վստահ եմ...Ու մենք նորից կհանդիպենք մեր գյուղում` «Գայանեի վանք»-ում, «Դախշուն»-ի մոտ, դպորցի ճանապարհին, կհանդիպենք նույնքան մեծ հպարտությամբ, որքան մինչ այդ անիծված 2020ը...

Նորից կլինենք նույնը ես, դու և բոլորը։

Իլոնա Բաղդասարյան, լրագրություն 4-րդ կուրս