Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 15-ին  ԱրՊՀ-ում տեղի է ունեցել պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան գիտական քննարկումների կաբինետի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն  Վարդանյանը, Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար անձինք, համալսարանականներ:

Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գրիգորի Գաբրիելյանցի ավանդը Արցախի զարգացման գործում:  Երկրաբան, բարեգործ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական ԳԱ անդամ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ԱրՊՀ պատվավոր պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի իրականացրած ծրագրերը բազմաթիվ են:

«Այս տարիների ընթացքում Գ. Գաբրիելյանցը տնտեսության, հանքարդյունաբերության, նախադպրոցական կրթության, հանրակրթության, բարձրագույն կրթության, գիտության և այլ բնագավառներում իրականացրել է մի շարք ծրագրեր, և այսօրվա կաբինետի կահավորումն ու բացումը այդ ծրագրերից մեկն է»,- նշել է ռեկտորը՝ կարևորելով կաբինետի նշանակությունը, որը համալսարանի համար կդառնա գիտական քննարկումների, նիստերի, խորհրդակցությունների յուրահատուկ հարթակ:

Քննարկումների կաբինետի  բացումը մեկնարկել է «Հավասարակշռությունը բնության և հասարակության մեջ» թեմայով դասախոսությամբ, որը վարել է պրոֆեսոր Գ. Գաբրիելյանցը: Դասախոսությունից հետո ծավալվել է քննարկում, որի ընթացքում իրենց տեսակետներն են հայտնել քննարկման մասնակիցները՝ կարևորելով քննարկումների կաբինետի նշանակությունը:

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, համալսարանի համար կարևորելով քննարկումների կաբինետ ունենալը, շնորհավորել է բոլորին և շնորհակալություն հայտնել Գ. Գաբրիելյանցին.

«Մեր իրականությունում  քննարկումների մշակույթը վերականգնելու անհրաժեշտություն կա: Այս առումով կարևորում եմ գիտական քննարկումների, բանավեճերի կազմակերպումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Գրիգորի Արկադիի, նման մեկնարկի համար, Ձեր փորձի, գիտելիքի, իմաստնության շնորհիվ ստեղծվել է մի հարթակ, որը կնպաստի քննարկումների մշակույթի զարգացմանը»,-նշել է Ռուբեն Վարդանյանը: