Արցախի պետական համալսարան
Սիրելի’ ուսանողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։
Ուսանողական տարիները կյանքի ամենահիշարժան ու հետաքրքիր ժամանակահատվածն են։ Ցավոք, 2020 թ. աղետալի պատերազմում մեր անմահացած ուսանողները, որ այսօր պիտի Ձեզ հետ տոնեին այս օրը, հավերժի ճամփորդներ են, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը և անմահացան հանուն նաև այս օրվան։
Հավերժ փառք և պատիվ նրանց, խոնարհումս նրանց հարազատներին։
Սիրելի’ ուսանողներ,
Արցախի պետական համալսարանը որդեգրել է ուսանողակենտրոն գործելաոճ և ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ ինչպես կրթության որակի շարունակական բարելավման, այնպես էլ ուսանողական կյանքը տարաբնույթ միջոցառումներով ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու նպատակով։
Ձեզ հետ միասին կազմակերպած գիտաժողովները, ամառային ճամբարները, պատմաճանաչողական արշավները և հետաքրքիր այլ միջոցառումները ոչ միայն մեր համալսարանի, այլ նաև մեր հայրենիքի ամենալուսավոր ու վառ գույներով բնորոշվող իրադարձություններն են, ապրող Արցախի ու անկոտրում արցախցու մասին պատմող փաստարկներ։
Մենք ձեզ հետ միասին հաղթահարել և ամեն օր շարունակում ենք հաղթահարել դժվարություններ՝ ձգտելով ամեն մի օրը ավելի լավը դարձնել նախորդից, յուրաքանչյուր ժամը ծառայեցնելով նոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ձեզ փոխանցելուն, քանզի գիտելիքով զինված մարդն անպարտելի է:
Մաղթում եմ Ձեզ նպատակասլացություն, լավատեսություն, անսպառ եռանդ Ձեր ընտրած մասնագիտության բնագավառում լավագույնը դառնալու ճանապարհին։ Ապրեք և արարեք խաղաղ ու անվտանգ հայրենիքում և հաջողություններ արձանագրեք արժանապատիվ խաղաղության պայմաններում։