Արցախի պետական համալսարան
Առհասարակ, ուսանողը յուրաքանչյուր պետության հենասյուներից է, պետության ներկան ու ապագան, իսկ երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականներից մեկը բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներ կրող ուսանողն է: Թող մեր հայացքը մի´շտ հառնված լինի ապագային, և այն ամենը, ինչը յուրացրել ենք համալսարանական լսարաններում, ծառայեցնենք մեր հայրենիքի հետագա զարգացմանը: Գիտելիքներ ստանալուն զուգահեռ, շփվելով նաև սիրելի դարձած դասախոսների հետ, ձեռք բերելով ընկերներ ու կյանքի փորձ՝ ուսանողական ամեն օրը մեզ համար թեկուզ փոքրիկ, բայց քայլ է աշխարհում սեփական տեղը հաստատելու ճանապարհին: Ցանկանում եմ՝ որտեղ էլ ուսանելիս լինենք, մեր ապագան տեսնենք Արցախում ու մեր նպաստը բերենք հայրենիքի զարգացմանը, կայանանք թե՛ որպես լավ մասնագետներ, թե՛ մեր երկրի ակտիվ քաղաքացիներ:
Լիլի Մաթևոսյան, Կերպարվեստ 3-րդ կուրս

Տարիներ առաջ դժվարին թվացող ուսանողի կյանքը մեր այսօրվա առօրյան է դարձել։ Դժվար, բայց սիրելի...
Մի քանի ամսից կավարտենք կյանքի այս փուլը և միայն ավարտելուց օրեր անց կսկսենք կարոտել մեր անքուն գիշերներն ու քնաթաթախ առավոտները, մեր խենթությունները, մեր դժվարությունները, մեր փորձությունները, կկարոտենք կուրսընկերներին ու դասախոսներին, նորից կերազենք (հաճախ՝ սպասված, երբեմն էլ՝ ստիպված) ժողովներին կամ միջոցառումներին մասնակցել։
Սիրելի’ ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիս աշնանային գունագեղ տոնի առթիվ. մաղթում եմ բազու՜մ հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման բնագավառում, եղե`ք արժանի մասնագետ՝ պահպանելով Ձեր ՄԱՐԴ տեսակը։
Եվ չմոռանաք` եթե մի օր որոշեք Ձեր ապագան կերտել համալսարանում, կլինեք խստապահանջ ու բարի, ուսանողամետ։
Եվս մեկ անգամ ընդունեք իմ ջերմ ու բարի մաղթանքները։ Եվ հիշե`ք՝ եթե ուսանող, ուրեմն՝ 4 տարի անքնություն, 2 ամիսը մեկ՝ քննություններ ու ստուգարքներ և, իհարկե, լավ ընկերներ, մեծ շրջապատ ու Արցախի պետական համալսարանի խելացի շրջանավարտ։
Իլոնա Բաղդասարյան, Լրագրություն 4-րդ կուրս
 
Իսկ ձեզ հետ երբևէ եղե՞լ է, որ մի քանի գիշեր անընդմեջ ընդհանրապես չքնեք, սուրճի բաժակների հաշիվը կորցնեք, մի կերպ, ուշացած, քնաթաթախ հասնեք դասի, բայց արդյունքում գոհ ու երջանիկ դուրս գաք քննական սենյակից։ Սա դասական ուսանողի նկարագրությունն է քննաշրջանի ժամանակ։ Իրականում այն արտահայտությունը, երբ ասում են, որ ուսանողական տարիներն ամենահետաքրքիրն ու չկրկնվողն են, բացարձակ ճշմարտություն է։ Իհարկե, բարդագույն օրեր ու պահեր ենք ունենում, բայց միևնույն է, համալսարանում վայելած սուրճն ուրիշ է, դասերից ուշացած, մի քիչ կաշկանդված լսարան մտնելը, բայց դասը գերազանց պատասխանելուց հետո հպարտության զգացումով պարուրվելն ու համարձակությունդ վերականգնելը մի տեսակ առօրյա է դարձել։ Ինչևէ, շնորհավորում եմ ուսանողներիս տոնը, մաղթում եմ բոլորիս անմոռաց ուսանողական օրեր, որպեսզի 80 տարեկանում մեր թոռներին ժպիտով պատմենք, թե Արցախի պետական համալսարանում ինչ խենթություններ ենք արել, և որ մեր ԱրՊՀ-ն լավագույնն է ու մեր սրտի բուհը:
Անահիտ Այդինյան, Լրագրություն 4-րդ կուրս
 
Ես՝ որպես ուսանող, ցանկանում եմ մեզ ուսանողի ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու կարողություն։
Ապացուցենք, որ ոչ միայն ապագան,այլև ներկան ենք մեր երկրի։
Դարձնենք մեր ձայնը լսելի ու լինենք պահանջատեր։
Այս պահին մեզնից պահանջվող ամենակարևոր բանը սովորելն է։
Գիտելիքը զենք է, իսկ մենք պետք է զինված լինենք։
Իսկ եթե զինված լինենք, մեզ դժվար կլինի՝ կոտրել, մանիպուլյացիայի ենթարկել։
Ես ուզում եմ գիտակցենք,որ գիտելիքով զինված մարդը՝ անպարտելի է։
Դե’, առա՛ջ,ի՛մ ընկեր։
Աննա Արզումանյան, Լրագրություն 4-րդ կուրս
 
Լավ է, չէ՞, ուսանող լինելն ու ուսանողական կյանքը, մանավանդ, երբ արթնանում ես առավոտ շուտ՝ քաղցր քունդ ու երազդ կիսատ թողնելով: Երբ քննություններդ դեռ չավարտած՝ պետք է պատրաստվես հաջորդին: Երբ համակարգչային քննությունդ ավարտելուց հետո պետք է նորից գնաս և շարունակես լսել դասը՝ ինչքան էլ հոգնած լինես: Երբ չես կարողանում դասախոսիդ համոզել, որ ինչքան էլ ցանկանաս, ինչան էլ գիշերները չքնես, չես կարող քո տարիքում իր չափ գրքեր կարդացած լինել: Երբ քեզ հատկացված տաս րոպե ընդմիջմանը լուռ լսում ես դասախոսիդ, որովհետև ամաչում ես ասել, որ արդեն քո հանգստի ժամն է, իսկ դու ուզում ես սուրճ խմել: Ամենացավալին, երբ տեսնում ես, թե բոլորն ինչպես են տարվա ամեն եղանակի վայելում իրենց արձակուրդը, իսկ դու սպասում ես քո միակ ու անկրկնելի ձմեռային արձակուրդին: Լավ է, իհարկե, լավ է:
Լավ է, երբ ունես այնպիսի դասախոս, ով քեզ հետ խոսում է որպես ընկեր՝ չվախենալով, որ որևէ մեկը կչարաշահի այդ դիրքը: Հրաշալի է, երբ ունես այնպիսի կուրսընկերներ ովքեր աջակցում են քեզ ցանկացած հարցում՝ լինի համալսարանի կրթական կյանքին վերաբերող, թե անձնական: Երբ ունես այնպիսի կուրսընկեր, ով կարող է կրկնօրինակել դասախոսին, այն էլ դասախոսից լավ: Լավ է, երբ համալսարանական կյանքից ունենում ես խենթ հիշողություններ՝ ինչպիսիք են ծննդյան օրերին կուսընկերոջդ տորթի մոմով, բայց տորթի փոխարեն ժենգյալով հացով կամ բուրգերով շնորհավորելը, տորթի վրա ծիծաղելի ու տարբերվող գրությունները: Եվ հենց սա էլ ուսանողական անմոռանալի կյանքն է՝ բազում գույներով լի:
Դե’, սիրելի ի’մ համալսարանական ընկերներ և ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիս օրը: Միշտ եղեք նպատակասլաց և եռանդով լի: Մաղթում եմ մեզ հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում:
Էթերի Մոսիյան, Լրագրություն 4-րդ կուրս