Արցախի պետական համալսարան
Նոյեմբերի 17-ին Արցախի պետական համալսարանում Ուսանողության միջազգային օրվա առթիվ կազմակերպվել է միջոցառում:
Համալսարանականները նախ ծաղիկներ են խոնարհել զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին՝
հարգանքի տուրք մատուցելով Արցախյան բոլոր պատերազմներում հերոսացած տղաների հիշատակին:
Օրվա առթիվ ուսանողներին շնորհավորական խոսք է հղել բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը:
«Ինչքան ուրախալի կլիներ, եթե այսօր մեզ հետ լինեին նաև բուհի 26 հերոս ուսանողները: Բայց դժբախտաբար ազատությունը տրվում է շատ հաճախ մեծ զոհերի գնով: Փառք ու պատիվ նրանց, քանզի մեր նահատակ հերոսների շնորհիվ է, որ այսօր գոյատևում է Արցախը, դեռ ավելին՝ այսօր մայր բուհում կարողանում ենք կազմակերպել միջոցառումներ:
Մենք թևակոխել ենք մի դարաշրջան, երբ առանց երիտասարդների անմիջական մասնակցության և առանց նրանց խորհուրդերի ու դիտողությունների հնարավոր չէ որևէ արդյունքի հասնել»,-ասել է բուհի ռեկտորը՝ կարևորելով երիտասարդության դերը երկրի զարգացման բոլոր բնագավառներում:
ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, շնորհավորելով ուսանողությանը տոնի առթիվ, համոզմունք է հայտնել, որ երիտասարդության ունեցած ջանքն ու նվիրումը կնպաստի Արցախի զարգացմանը.«Մեր երկրի ներկան, ապագան, հույսն ու հավատը, մեր երկրի ձեռքբերումը մեր ուսանողներն են»:
Ուսանողներին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նաև պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ուսանողական խորհրդի նախագահը։
Ուսումնական տարվա ընթացքում բարձր առաջադիմություն, պատշաճ վարքագիծ, հասարակական ակտիվություն ցուցաբերած, ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված տարաբնույթ մրցույթներում հաղթող ճանաչված 120 ուսանող տարբեր անվանակարգերում խրախուսվել է ԱրՊՀ ղեկավարության կողմից:
Միջոցառումն ուղեկցվել է տոնական տրամադրությամբ, երաժշտական կատարումներով, պարով ու ասմունքով: