Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի երկարամյա դասախոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Խաչատրյանի մահվան տարելիցին։ Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտորը, Ա. Խաչատրյանի հարազատներից, դասախոսներ, ուսանողներ։
Մեծ է Ա. Խաչատրյանի ավանդը ԱրՊՀ-ում մաթեմատիկայի ամբիոնի կայացման ու մասնագիտության զարգացման գործում։
Նրա հետազոտությունների արդյունքները հրապարակվել են ավելի քան 50 գիտական հոդվածներով, որոնք տպագրվել են Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում և միջազգային գիտաժողովների նյութերում: Ա. Խաչատրյանը երեք ուսումնական ձեռնարկների հեղինակ է, պարբերաբար մասնակցել և հետաքրքիր զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ պատվով ներկայացնելով ԱրՊՀ-ն։
Նրա ղեկավարությամբ ու նրա անմիջական օգնությամբ ԱրՊՀ մաթեմատիկայի ամբիոնի երեք երիտասարդ դասախոսներ (Գ.Ա.Պետրոսյան, Ն.Ս.Սարգսյան, Եվ.Ս.Բալասանյան) պաշտպանել են գիտական ատենախոսություններ և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ռեկտոր Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել պրոֆեսոր Խաչատրյանի վաստակը՝ իր ելույթում ընդգծելով նրա ոչ միայն մասնագիտական, այլ նաև մարդկային որակները։
Համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար ԱրՊՀ գիտխորհրդի որոշմամբ Ալեքսանդր Խաչատրյանն արժանացել էր «Ոսկե մեդալի»։ Միջոցառման ընթացքում ռեկտոր Արմեն Սարգսյանը պարգևը հանձնել է Ա. Խաչատրյանի դստերը՝ Սոնա Խաչատրյանին։
Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ. Գայանե Պետրոսյանի խոսքով՝ Ա. Խաչատրյանը կարողանում էր իր սաների մեջ սեր արթնացնել գիտության հանդեպ։
«Այսօր մենք հավաքվել ենք՝ հիշելու մեր բոլորի կողմից սիրված ու հարգված մի մարդու` ֆ.մ.գ.դ, պրոֆեսոր Ալեքսանդր Մովսեսի Խաչատրյանին։ Ցավոք, այժմ Խաչատրյանը մեզ հետ չէ և ստիպված ենք նրա մասին խոսել անցյալ ժամանակով։ Այստեղ ներկաները կարող են հաստատել, որ Խաչատրյանը հիանալի գիտնական ու դասախոս լինելուց բացի օժտված էր մարդկային բարձր հատկանիշներով,-նշել է Գայանե Պետրոսյանը և հավելել,-Խաչատրյանի հիշատակը վառ կմնա ԱրՊՀ նրա գործընկերների, դասախոսների և հարյուրավոր ուսանողների սրտերում»։
Ա. Խաչատրյանի մասին հուշեր ու կենսագրական դրվագներ են ներկայացրել բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը, մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոսներ Կարինե Մարությանը, Կարեն Արամյանը, Գայանե Պետրոսյանը, Նարինե Սարգսյանը, Եվգենյա Բալասանյանը, ուսանողուհի Ռուզաննա Սահակյանը։
Խաչատրյանի դուստր Սոնա Խաչատրյանը և եղբայրը՝ Գուրգեն Խաչատրյանը, շնորհակալություն են հայտնել համալսարանի ղեկավարությանն ու դասախոսներին՝ Ա. Խաչատրյանին նվիրված միջոցառում կազմակերպելու և գնահատանքի համար։
Ալեքսանդր Խաչատրյանին նվիրված միջոցառման շրջանակներում նոյեմբերի 21֊ին ԱրՊՀ-ում տեղի են ունենալու գիտական ընթերցումներ՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ։