Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 22-ը նշվում է որպես հոգեբանի մասնագիտական օր: Օրը նշվել է նաև ԱրՊՀ-ում՝ հոգեբանական կենտրոնի և մանկավարժության ու հոգեբանության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Էլլադա Բաղդասարյանը, շնորհավորելով գործող և ապագա հոգեբաններին օրվա առթիվ, նշել է. «Բոլորս գիտենք, որ հոգեբանը մասնագետ է, ով ունակ է լսել` առանց գնահատելու, հասկանալ` առանց մեղադրելու, խնդիր լուծել` առանց քարոզելու և խորհուրդ տալու: Հոգեբանի խորհրդատվությունները շատ կարևոր են ու անհրաժեշտ հոգու անդորրը, հավասարակշռությունը պահպանելու համար: Այն օգնում է փարատել միայնակությունը, տագնապայնությունը ու դեպրեսիան, օգնում է բացահայտել և լուծել կոնկրետ խնդիրներ, կարևոր որոշումներ կայացնել, հաղթահարել ճգնաժամերը, լուծել ներքին խնդիրները»:
Ամբիոնի պրոֆեսոր, հոգեբան Արզիկ Մխիթարյանը, արդի իրավիճակում կարևորելով հոգեբանի մասնագիտությունը, խոսել է մասնագիտության առանձնահատկություններից:
«Հոգեբանությունը լուրջ գիտություն է, և բավականին դժվար է գործ ունենալ մարդկային հոգեկանի, նրա շեղումների ու դեֆորմացիաների հետ, քանի որ հոգին շոշափելի չէ և երբեմն դժվար է ցույց տալ ներգործության այն արդյունքը, որը պետք է երևա հոգեբանի ներգործության արդյունքում»,-նշել է նա:
Օրվա առթիվ ելույթ են ունեցել «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողներ Մարիամ Առուստամյանը, Իրինա Այդինյանը, Անուշ Մարտիրոսյանը, ՏՄՄ 4-րդ կուրսի ուսանողուհի Վարսենիկ Միրզաբեկյանը:
Դասախոսներ Արզիկ Մխիթարյանը, Էլլադա Բաղդասարյանը, Վիտյա Յարամիշյանը, Շահեն Այդինյանը, Անուշ Բաբայանը, Արմինե Ավանեսյանը, Իննա Մկրտչյանը հանդես են եկել մասնագիտական թեմատիկ զեկուցումներով: