Արցախի պետական համալսարան
Նոյեմբերի 30-ին ՀՀ Մասնագիտական Կրթության Որակի Ապահովման Ազգային Կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը՝ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ, այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ մեկնարկել է բուհերի ծրագրային հավատարմագրման նախապատրաստական եռօրյա աշխատաժողով։
Աշխատաժողովին մասնակցում էին ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, Արցախի Հանրապետության բուհերի ներկայացուցիչներ։
Ողջունելով հյուրերին և աշխատաժողովի մասնակիցներին՝ Հասմիկ Մինասյանը կարևորել է բուհերի ծրագրային հավատարմագրման անհրաժեշտությունը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով աշխատաժողովների ընթացքին։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ՈԱԱԿ պատվիրակությանն ու բուհերի ներկայացուցիչներին, շնորհակալություն է հայտնել Ռուբեն Թոփչյանին՝ ԱրՊՀ այցելելու, ծրագրային հավատարմագրման նախապատրաստական աշխատանքներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար։
«Ինստիտուցիոնալ հավատարմագրումը հնարավորություն է ընձեռել թույլ և ուժեղ կողմերը ճիշտ գնահատելու և ծրագրային հավատարմագրմանը պատրաստվելու։ Պետք է աշխատենք հաղթահարել դժվարությունները և շտկել խնդիրները՝ համատեղ գտնելով լուծման արդյունավետ ուղիներ»,-ընդգծել է ռեկտորը՝ կարևորելով ծրագրային հավատարմագրումը և շեշտելով արտաքին աշխարհին ինտեգրվելու անհրաժեշտությունը։
Աշխատաժողովին Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է ծրագրային հավատարմագրման չափանիշները, հնարավորությունը, քննարկվել են մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրման մոտեցումները, բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավմանն ուղղված հարցեր:
«Կրթության որակի շարունակական ապահովման գործընթացում ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո հաջորդ քայլը ծրագրային հավատարմագրումն է։ Բուհերը ինստիտուցիոնալ հավատարմագրումն անցնելուց հետո պատասխանատվություն են ստանձնում ծրագրային հավատարմագրման։ Բուհերը պետք է ստեղծեն ներուժ, որը կկարողանա մշակել, կառավարել կրթական ծրագրերը»,-նշել է Ռ․ Թոփչյանը և քննարկման ձևաչափով մանրամասնել ծրագրային հավատարմագրման համար անհրաժեշտ քայլերը, իրականացրել մասնագիտական խորհրդատվություն:
Աշխատաժողովները կշարունակվեն նաև դեկտեմբերի 1-ին և 2-ին՝ «Մասնագիտության կրթական ծրագրերի որակի ապահովման գործընթացներ» թեմայով, և կիրականացվի մասնագիտական մանկավարժություն կրթական ծրագրերի մշտադիտարկում ԱրՊՀ-ում։