Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնը դեկտեմբերի 1-ին կազմակերպել է ուսանողական օլիմպիադա «Ծրագրավորումից», որին մասնակցել են մոտ հինգ տասնյակ ուսանողներ:
Ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանի խոսքով՝ նման օլիմպիադաները նպաստում են մասնակիցների մտահորիզոնի և մտքի ճկունության զարգացմանը:
«Ամբիոնի կողմից կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ ուսանողներին նաև ոչ ֆորմալ ձևաչափով գիտելիքներ և կարողություններ փոխանցելու նպատակով:
Օլիմպիադային մասնակցում են լավագույն ուսանողներ, նաև ավագ դպրոցների աշակերտներից են դիմել մասնակցության համար, մենք էլ ընդառաջել ենք: Լիահույս եմ, որ օլիմպիադայի մասնակիցները մեր ապագա լավագույն մասնագետներն են, ովքեր իրենց գիտելիքներով կնպաստեն Արցախի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը»,-նշել է Վ. Առստամյանը:
Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանը ներկայացրել է օլիմպիադայի ընթացակարգն ու կանոնները, որից հետո մասնակիցներն անցել են առաջադրված խնդիրների լուծմանը:
Օլիմպիադայի առաջադրանքներն ու խնդիրները կազմել են Վազգեն Առստամյանը, ամբիոնի դասախոսներ Արթուր Մնացականյանը, Սվետլանա Երիցյանը, Շողիկ Գրիգորյանը, Անուշ Հարությունյանը և մագիստրատուրայի ուսանողուհի Արգինե Սարգսյանը:
Առաջիկայում դասախոսների կողմից կստուգվեն օլիմպիադայի մասնակիցների աշխատանքները:
Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները ԱրՊՀ կողմից կխրախուսվեն: