Արցախի պետական համալսարան
Բուհ֊դպրոց֊իրավապահ մարմիններ համագործակցության շրջանակներում  Ստեփանակերտի N9 միջնակարգ դպրոցում ԱրՊՀ իրավունքի ամբիոնի կողմից անց է կացվել «Անչափահասների իրավագիտակցական դաստիարակություն» խորագրով հանդիպում֊քննարկում 8֊ից 9֊րդ դասարանների աշակերտների հետ։
Միջոցառումը իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Տաթև Գևորգյանի և Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային ոստիկանության վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Հարություն Սահակյանի համատեղ գաղափարն է։
«Երկար տարիներ է արդեն, ինչ իրավունքի ամբիոնը համագործակցում է դպրոցների հետ, բայց այս ձևաչափով առաջին անգամ ենք կազմակերպում։ Միջոցառման հիմնական նպատակը դաստիարակչական բնույթ է կրում»,- նշել է Տաթև Գևորգյանը՝ մանրամասնելով, որ միջոցառման նպատակներից են նաև բարձրացնել աշակերտների մոտ ընդհանուր իրավագիտակցական մակարդակը, գնահատել այդ հարցում ուսուցիչների և տեսուչների ջանքերը, ամրապնդել և արժևորել մեր ազգային արժեհամակարգը, ամուր հենք ստեղծել առողջ հասարակության ձևավորման համար։
Նրա խոսքով՝ նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, և այցելություններ կկազմակերպվեն նաև այլ դպրոցներ։