Արցախի պետական համալսարան

Վերջին շրջանում կրկին  տեղեկատվական դաշտում գերակշռում են ապատեղեկատվությունը, իրարամերժ նորությունները, ադրբեջանական տեղեկատվական դաշտի տարածած նորությունների տիրաժավորումը հայկական մեդիադաշտում։ Հակառակորդի տեղեկատվական դաշտի ազդեցությունն  ուղիղ  ներազդում է մեր հասարակության վրա։ Տրվելով էմոցիաների, մանիպուլյացիաների և ներշնչանքի՝ հասարակության շրջանում առաջանում է սթրես, վախ։ Խնդրի շուրջ զրուցել ենք տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ  Սամվել Մարտիրոսյանի հետ։

 

Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներում լեգենդար հրամանատար Ավոյի ծննդյան օրվա հետ կապված տարածվող լուսանկարների ու գրառումների պատճառով մեծ խնդիր է առաջացել, որի արդյունքում ֆեյսբուքյան շատ օգտատերերի էջեր արգելափակվել են։ Պատճառն այն է,   որ Ֆեյսբուքի ղեկավարությունը հրամանատարին դիտարկում է ոչ թե Արցախի և Հայաստանի հերոս, այլև ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ)-ի ղեկավար։ ԱՍԱԼԱ-ն  ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից, ինպես նաև Ադրբեջանի Արտաքին Գործերի Նախարարության կողմից  համարվում է ահաբեկչական կազմակերպութուն։ Որպես լուծում՝ Սամվել Մարտիրոսյանը  խորհուրդ է տալիս անուններ և նկարներ չօգտագործել,  չկատարել հրապարակումներ և գրառումներ։

«Ֆեյսբուքը Արցախը ներառել է Ադրբեջանի մաս, քանի որ ֆեյսբուքյան թիմը օգտվում է հատուկ քարտեզներից, որտեղ կոնկրետ սովետական, խորհրդային քարտեզներ են և , ցավոք, սա մի հարց է, որը լծակ էլ չունի լուծելու»,- ասել է փորձագետը։

 Ոչ միայն ֆեյսբուքի, այլև ուրիշ կազմակերպությունների մոտ էլ նույն խնդիրն է։ Ըստ նրա՝ բնականաբար, ֆեյսբուքը չի ցանկանում կոնֆլիկտների մասնակից լինել և օգտվում է միայն խորհրդային քարտեզներից։

 Վերջերս համացանցում նկատվել է ադրբեջանական գովազդների հաճախակիացում։ Առաջին հերթին, սա թիրախավորում է Հայաստանի և Արցախի բնակչությանը՝ ադրբեջանական  քարոզչությունը առաջ տանելու համար, երկրորդ՝ դարձյալ այն պատճառով, որ ֆեյսբուքը Արցախը ընկալում է որպես Ադրբեջանի մաս։

Կեղծ ինֆորմացիայի տեղատարափում ճիշտ նորություն փնտրելն ու գտնելը բավականին դժվարացել է։ Այն մեդիասպառողները, ովքեր չեն ցանկանում խորանալ փաստերի ստուգման մեջ, փորձագետի խորհրդով՝ կարող են ընտրել մի քանի լրագրող, ովքեր համոզված են , որ անփույթ չեն և ֆիլտրված տեղեկատվություն  են հաղորդում, և հետևեն նրանց։

  Սադրանքներին մարդ տրվում, երբ տրվում է իր էմոցիաներին, շտապում է տեսնել նորությունը, իրեն դուր է գալիս կամ դուր չի գալիս․ սա էմոցիոնալ դաշտ է։ Մասնագետի խորհրդով՝ շատ կարևոր է չտրվել զգացմունքների, ուշադիր լինել, չշտապել դրանցով պայմանավորված եզրահանգումներ անել ։  Շատ կարևոր է հատկապես արցախյան իրականության մեջ՝ հետևել վստահելի աղբյուրներին, չտրվել սադրանքների, չշտապել, մտածել,  փորձել, ստուգել տեղեկատվությունը։

 

Աննա Արզումանյան, լրագրություն 4-րդ կուրս