Արցախի պետական համալսարան

Տնտեսագիտության ֆակուլտետում կազմակերպվեց հերթական միջոցառումը: Ֆինանսահաշվային ամբիոնի ավագ դասախոս Արևիկ Ալեքսանյանի նախաձեռնությամբ «Ֆինանսներ» (ըստ ոլորտի) մասնագիտությամբ 1-ին կուրսի ուսանողները կազմակերպեցին ընթերցումներ` ամփոփելով իրենց խմբային աշխատանքները «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» դասընթացից:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռ. Մանգասարյանը գոհունակություն հայտնեց ուսանողների ելույթներից՝ ընդգծելով.«Ողջունում եմ նման ձևաչափով միջոցառումների իրականացումը առանձնապես առաջին կուրսեցիների մասնակցությամբ, քանի որ ուսանողները կարողանում են ձեռք բերել տեսական գիտելիքների համակարգման և պատշաճ մակարդակով ներկայացման հմտություններ: Գոհացուցիչ է թիմային աշխատանքը, ինչը հետագայում նաև հասարակությանը ինտեգրվելու նոր հմտություններ է ձևավորելու»:
Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ն. Ավանեսյանը, գոհացուցիչ գնահատելով ուսանողների ելույթները, մասնավորապես նշեց. «Ֆինանսահաշվային ամբիոնը խիստ կարևորում է նման ձևաչափերով խմբային աշխատանքների անցկացումը, քանի որ դասախոսը հասնում է տվյալ դասընթացի շրջանակներում առարկայական նկարագրում ներկայացված վերջնարդյունքներին: Բոլորի ելույթներից շատ գոհ ենք, շարունակեք նման տեմպերով և աշխատեք ձգտել կատարելության»:
«Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» դասընթացի դասընթացավար և միջոցառման կազմակերպիչ Ա.Ալեքսանյանի խոսքով՝ շատ հաճելի և հետաքրքիր աշխատանք են կատարել ուսանողները.«Ուսանողներն իրենց դրսևորեցին որպես ապագա ֆինանսիստներ, ովքեր կարողանում են կատարել տեղեկատվության մշակում, խմբավորում, պատշաճ ներկայացում և թիմային աշխատանք»:
Միջոցառման ավարտին ուսանողները շնորհակալություն հայտնեցին դասախոս Ա. Ալեքսանյանին՝ իրենց խմբային աշխատանքը պլանավորելու, համակարգելու և աջակցելու համար: