Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ․, Սիրվարդ Ստեփանյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին կազմակերպվել է դաղստանցի հրեա գրող Գադիմ Ամիրովի «Արցունքներ դրախտում» վեպի քննարկումը։
Վեպը լույս է տեսել ռուսերենով 2022թ․ Մոսկվայում, անմիջապես թարգմանվել է հայերեն, гրքի շնորհանդեսը եղել է Մոսկվայում, Երևանում թարգմանության շնորհանդեսին ներկա է եղել նաև հեղինակը։ Ըստ հեղինակի՝ վեպն ունի ճանաչողական նշանակություն։ Վեպի հիմքը 2020թ․ Արցախյան պատերազմն է։ Այն ճշմարտության մասին է, և հեղինակն էլ դեպի ճշմարտությունը քայլող մարդն է։
Քննարկմանը մասնակցել են ֆակուլտետի ուսանողները, ներկա են եղել ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը, ամբիոնների վարիչներ Ռիտա Պետրոսյանը, Նոնա Դավթյանը։ Քննարկման կարգախոսն էր․ «Կարդա, փոխիր աշխարհը»։
Քննարկմանը ներկա բոլոր ընթերցողները հանդես եկան ելույթներով՝ վեպի ստեղծման դրդապատճառների, սյուժեի, գաղափարական իրավիճակների ու մոտիվների շուրջ։ Գեղարվեստական հնարքի ու իրականության հարաբերության մեջ ելույթ ունեցողների կողմից շեշտվեց ճշմարտացիությունը։
Քննարկման ձևաչափը ներառում էր տեսադիտում շնորհանդեսից, ընթերցումներ, ելույթներ, կարծիքներ ու հակադարձումներ։ Քննարկման ավարտին ներկաները կարևորեցին վեպի արդիական նշանակությունը և արժևորեցին այն որպես պարտադիր ընթերցանություն և իրենց երախտագիտությունը հայտնեցին հեղինակին ու նաև թարգմանչին։