Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 9-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ «Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Իննա Մկրտչյանի նախաձեռնությամբ 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար կազմակերպել են դաս-միջոցառում, որը նվիրված էր 20-րդ դարի գիտնականներից մեկին` հոգեբան Զիգմունդ Ֆրոյդին:

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ հոգեվերլուծության հիմնադիր Զ. Ֆրոյդի աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել հոգեբանության, բժշկության, հասարակագիտության, գրականության և արվեստի վրա: Հետաքրքրությունը գիտնականի նկատմամբ չի մարել նաև մեր օրերում: Ի. Մկրտչյանը նշեց, որ ժամանակի հոգեբանական ուսմունքներից ամենաազդեցիկն իսկապես հոգեվերլուծությունն է, որը, բացի կոնկրետ, նեղ հոգեբանական հիմնախնդիրներից, անդրադարձել է նաև մարդաբանական հարցերին` դրանով իսկ խթանելով նոր սերունդների իմաստասիրական որոնումները:
Ուսանողները ներկայացրել են Զ. Ֆրոյդի կյանքն ու գործունեությունը, հոգեվերլուծական տեսությունը, հոգեկան զարգացման փուլերը, անձի տիպավորումը, երազների մեկնաբանությունը, Զիգմունդ Ֆրոյդի և Սալվադոր Դալիի մի հանդիպման պատմությունը, կատարել են մեջբերումներ նրա թևավոր խոսքերից: