Արցախի պետական համալսարան
Դեկտեմբերի 9-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից։
Օլիմպիադային մասնակցել են հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 10-ից 12-րդ դասարանների մոտ երեք տասնյակ աշակերտներ:
Ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի խոսքով՝ օլիմպիադայի հարցաշարը կազմելիս հաշվի են առել դպրոցական ծրագիրը և կազմել դրան համապատասխան հարցաշար:
Նրա խոսքով՝ օլիմպիադայի նպատակներից են բուհ-դպրոց համագործակցության խորացումը, աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը:
«Աշխարհաքաղաքական արդի պայմաններում և պատերազմի հետևանքով ունեցած մեր կորուստների պատճառով պատմություն առարկայի հանդեպ թերահավատություն է առաջացել: Մենք նման միջոցառումների շնորհիվ փորձում ենք կրկին վերարժևորել, «Հայոց պատմություն» առարկայի հանդեպ մատաղ սերնդի սերն ու հետաքրքրությունն ավելացնել, ամրապնդել նրանց մեջ հայրենասիրական ոգին»,-նշել է Նունե Սարումյանը:
Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն առաջիկայում: Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն բուհի կողմից։