Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 16-ին ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը հերթական միջոցառումն է կազմակերպել: «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները «Սոցիալական մանկավարժություն» դասընթացի շրջանակում դասընթացավար Արմինե Աբալյանի նախաձեռնությամբ հանդես են եկել «Սոցիալական մանկավարժի գործունեության ուղղությունները» թեմայով ընթերցումներով՝ ամփոփելով իրենց խմբային աշխատանքները դասընթացից:

Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես են եկել զեկուցումներով՝ ներկայացնելով «Սոցիալական մանկավարժ» մասնագիտության բնութագիրը, գործառույթները, էությունն ու բովանդակությունը, մեթոդներն ու տեխնոլոգիաները՝ մանրամասնելով սոցիալական մանկավարժի աշխատանքը հանրակրթական դպրոցներում, ընտանիքի, դեռահասների և պատանիների, սահմանափակ կարողություններ ունեցող, ինչպես նաև օժտված երեխաների հետ:
«Համոզված եմ, որ այս դասընթացից ձեռք բերած տեսական գիտելիքները հետագայում մեր ուսանողները կօգտագործեն մանկավարժական գործունեության ընթացքում և, կարծում եմ, չեն բավարարվի ստացած գիտելիքներով և ինքնակրթությամբ կհամալրեն այն՝ գիտակցելով, որ սոցիալական մանկավարժությունը զուտ մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն, որի հիմքում մարդասիրությունն է, գթասրտությունը»,-նշել է Արմինե Աբալյանը՝ հավելելով, որ սոցիալական մանկավարժը այն մասնագետն է, ով կամրջում է մեծահասակների և երեխաների կյանքը, կապ հաստատում դպրոցի, ընտանիքի և հասարակության միջև՝ դառնալով դժվար իրավիճակներում հայտնված երեխաների առաջին օգնականն ու պահապանը:
Միջոցառումը կարևորել և ուսանողների աշխատանքներից գոհունակություն են հայտնել ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Էլլադա Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով դասընթացավարին և ուսանողներին:
Կարևորվել է սոցիալական մանկավարժի դերն ու նշանակությունը և բակալավրիատի շրջանավարտների հետագա մասնագիտացումը մագիստրատուրայում «Սոցիալական մանկավարժ» կրթական ծրագրով: