Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 16-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնը կազմակերպել է միջոցառում: «Լրագրություն» կրաթական ծրագրի ուսումնական պլանում ընդգրկված «Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը միջազգային մամուլում» դասընթացի շրջանակում դասընթացավար, ամբիոնի դասախոս Անուշ Դոլուխանյանի նախաձեռնությամբ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Լրագրություն» 4-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանման տիպաբանությունը միջազգային մամուլում» թեմայով մեդիաընթերցումներ:

Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես են եկել զեկուցումներով՝ ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղ․ տեղեկատվական հակամարտություն», «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանումը ադրբեջանական ԶԼՄ-ներում», «Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության հիմնախնդիրը ադրբեջանական ԶԼՄ-ներում», «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարգավիճակի հարցի լուսաբանումը ադրբեջանական ԶԼՄ-ներում», «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով փախստականների և ներքին տեղահանվածների խնդրի լուսաբանումը ադրբեջանական ԶԼՄ-ներում», «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանումը ռուսական ԶԼՄ-ներում», «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանումը ֆրանսիական ԶԼՄ-ներում», «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանումը ամերիկյան ԶԼՄ-ներում» թեմաները, ծավալվել է քննարկում:
 
«Այսօրվա միջոցառումը թերևս ապացույցն է այն բանի, որ մենք իրապես ամուր ենք, երբ յուրաքանչյուրն առավելագույնս պատրաստակամ և պատասխանատու է իր բաժին խրամատում։ Մենք, իբրև դասավանդողներ, դասապրոցեսի ընթացքում մասնագիտական գիտելիքներ փոխանցելուն և կարողություններ ու հմտություններ ձևավորելուն զուգահեռ, նաև քաղաքացիական դիրքորոշում ձևավորելու առաքելություն ունենք։ Այս առումով ուսանողների ինքնուրույն հետազոտությունների արդյունքներն ու դրանք այս զգայուն պայմաններում անպայմանորեն հանրայնացնելու հաստատակամությունը փաստում է, որ դասընթացի շրջանակներում մենք հասել ենք մեր նպատակին՝ դաստիարակել ողջախոհ մասնագետ և քաղաքացի»,-նշել է Անուշ Դոլուխանյանը։
Միջոցառմանը ներկա էին գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նոնա Դավթյանը, ամբիոնի դասախոսներ, ուսանողներ: