Մագիստրատուրա ԱրՊՀ - ի մագիստրատուրան գործում է 1999 թվականից: Մագիստրոսը բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան է, որը շնորհվում է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ունեցող անձանց` երկամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով: Մագիստրոսները պատրաստվում են հիմնականում հետազոտական և գիտամանկավարժական գործունեության կողմնորոշմամբ: Մագիստրոսական ուսուցումն իրականացվում է բարձրագույն կրթության այն մասնագիտությունների գծով, որոնց ցանկը ԼՂՀ կրթության և գիտության նախարարության ներկայացմամբ հաստատում է ԼՂՀ կառավարությունը: Մագիստրոսական ուսուցումը կազմակերպվում է բարձր որակավորման պրոֆեսորադասախոսական կազմ ունեցող, ժամանակակից լաբորատոր-հետազոտական և համակարգչային-տեղեկատվական բազաներով հագեցված ամբիոններում: Ուսուցումը մագիստրատուրայում իրականացվում է առկա և հեռակա ձևերով: Մագիստրոսական ուսուցման նորմատիվային ժամկետը երկու տարի է, իսկ հեռակա բաժնում` երկու և կես տարի, որի ընթացքում մագիստրանտն ընտրած մասնագիտությամբ ձեռք է բերում տեսական և գիտական խոր գիտելիքներ: ԱրՊՀ մագիստրանտների ուսուցման ֆինանսավորումը իրականացվում է պետ պատվերի /անվճար ուսուցում/ և վճարովի ուսուցման հիմունքներով: Մագիստրոսական ընդունելության շեմային պահանջները, ընդունելության քննությունների ցանկը, անցկացման ձևը և ժամկետները, գնահատման համակարգը, մրցույթի անցկացման կարգը, մրցութային արտոնությունները սահմանվում են բուհի կանոնադրությամբ, ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգով: Պետպատվեր համակարգում սովորող մագիստրանտների կրթաթոշակի չափը սահմանվում է ռեկտորատի առաջարկությամբ, ԼՂՀ կառավարության հաստատմամբ: Մագիստրոսի մագիստրական կրթության ծրագրով անհատական աշխատանքային ծրագիրն ամբողջովին կատարած և մագիստրոսական ավարտական թեզ պաշտպանած անձանց ԱրՊՀ-ն շնորհում է մագիստրոսի պետական նմուշի դիպլոմ և սահմանված ձևի դիպլոմի հավելված: ԱրՊՀ շրջանավարտ մագիստրոսների մի մասը իրենց ուսումը շարունակում են նաև արտերկրների համապատասխան բուհերում: Մանրամասն տեղեկությունների համար դիմել ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշ 5, ԱրՊՀ-ի մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բաժին: Մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը |