Արցախի պետական համալսարան

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

«ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ


1. Սույն կանոնակարգով սահմանվում են «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` համալսարան) մագիստրատուրայի ընդունելության հիմնական կանոնները: 
2. Սույն կանոնակարգի իրավական հիմքերն են` «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսուհետ` ԼՂՀ) օրենքները, ԼՂՀ կրթության և գիտության նախարարի կողմից 2008 թվականի ապրիլի 25-ին հաստատված «ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը հաստատելու մասին» N57-Մ հրամանը, համալսարանի կանոնադրությունը և իրավական այլ ակտեր։ 
3. Համալսարանի մագիստրատուրա կարող է ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը` մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու, մասնագիտական գործնական, նորարարական, տեխնոլոգիական զարգացումներ ու նոր հնարավորություններ ընկալելու ունակություններ ձեռք բերելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար: 
4. ԼՂՀ կառավարության կողմից տվյալ տարվա մասնագիտությունների ընդունելության ցանկը հաստատելուց հետո համալսարանի մագիստրատուրայի աշխատանքներով զբաղվող ստորաբաժանումը տալիս է ընդունելության հայտարարություն` մասնագիտությունների, տեղերի և կանոնների վերաբերյալ: (փոփ. 03.07.2017 N20-L) 
5. Մագիստրատուրայի ընդունելության անցկացման համար համալսարանի ռեկտորի հրամանով և նախագահությամբ, ստեղծվում է ընդունող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը, գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը, մագիստրատուրայի աշխատանքներով զբաղվող ստորաբաժանման ղեկավարը, ինչպես նաև ֆակուլտետների (ուսումնական ստորաբաժանման) ղեկավարները: (լրաց. 23.06.2015 N11-L) 
6. Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով: Հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները համալսարանի մագիստրատուրա կարող են ընդունվել միայն վճարովի հիմունքներով, ընդ որում նրանք պետք է քննության արդյունքներով հաղթահարեն տվյալ տարվա համար մագիստրատուրայի ընդունող հանձնաժողովի կողմից սահմանված անցողիկ շեմը: Արտերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով` սեփական նախաձեռնությամբ: 
7. Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը` 
1) մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ: Դիմում-հայտում դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր՝ ըստ նախապատվության: Հայտում նշված առաջին ծրագրի չբացվելու կամ մրցույթի արդյունքում չհաղթելու դեպքում դիմորդը մասնակցում է երկրորդ ծրագրի մրցույթին, այն չբացվելու դեպքում՝ երրորդ ծրագրի մրցույթին: Ծրագիրը չի բացվում, եթե ուսանողների թիվը չի համապատասխանում համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված որոշման պահանջին: Ընդ որում առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար անվճար և վճարովի ուսուցման մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան: Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին. Կարգեր Արցախի պետական համալսարանի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի ժողովածու 
2) բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (արտերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին), 
3) ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3x4 չափսի), 
4) զինվորական գրքույկի բնագիրն (առկայության դեպքում) ու պատճենը,
5) հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում), 
6) ընդունելության ծառայությունների (քննությունների կազմակերպման և անցկացման) համար գանձվող վճարի անդորրագիր: 
(7-րդ կետի 1-ին ենթակետը լրաց. 03.07.2017 N20-L) 
8.Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 2 փուլով: Առաջին փուլում մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների անցկացվում է ԼՂՀ կառավարության կողմից հաստատված` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար: Առաջին փուլի մրցույթին կարող են մասնակցել համալսարանի ընթացիկ և նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնց ավարտական աշխատանքի պաշտպանության և ամփոփիչ ատեստավորման քննության, ինչպես նաև դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականների ցուցանիշները համապատասխանում են տվյալ տարվա համար մագիստրատուրայի ընդունող հանձնաժողովի կողմից որոշված անցողիկ բալին: Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անց է կացվում ընթացիկ տարվա հունիսի 10-ից մինչև հունիսի 30-ը: 
9. Առաջին փուլում ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) թափուր տեղերի բաշխումն իրականացվում է համալսարանի առաջարկությամբ` լիազոր մարմնի հրամանով: 
10. Երկրորդ փուլում վճարովի համակարգ կարող են ընդունվել համալսարանի և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերի ընթացիկ և նախորդ տարիների շրջանավարտները: Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով, իսկ այլ մասնագիտություն ընտրելու դեպքում դիմորդը պետք է մագիստրատուրայի ընդունող հանձնաժողովի կողմից որոշված ժամկետներում հանձնի ընտրած մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան քննություն: Քննության արդյունքներով 8-րդ կետում նշված միավորը հավաքելու դեպքում նա կարող է ընդունվել մագիստրատուրա: Քննության վերահանձնում չի թույլատրվում: 
11. Երկրորդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը: 
12. Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ. 
1) առաջին փուլում առաջնահերթությունը տրվում է նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականին կամ միջին որակական գնահատականին. 
2) երկրորդ փուլում առաջնահերթությունը տրվում է նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականին կամ միջին որակական գնահատականին, իսկ մասնագիտության փոփոխման դեպքում` հանձնած քննության արդյունքներով ստացած միավորներին: Հավասար միավորների դեպքում առաջնահերթությունը ըստ հերթականության տրվում է` 
- մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականին կամ միջին որակական գնահատականին. 
- տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությանը. 
- ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականին կամ միջին որակական գնահատականին: 
13. Համալսարանը մրցույթով անցած անձանց հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդներին: 
14. Մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերը հանձնելիս դիմորդը պարտավոր է մագիստրատուրայի ընդունող հանձնաժողովի կողմից որոշված չափով գումար վճարել փաստաթղթերի ընդունման և ձևակերպման, ինչպես նաև քննությունների կազմակերպման և անցկացման համար, որոնք, անկախ մրցույթին կամ քննությանը մասնակցելու հանգամանքից ու արդյունքից, վերադարձման ենթակա չեն: 
15. Լիազոր մարմնի կամ մագիստրատուրայի ընդունող հանձնաժողովի որոշմամբ առանձին մասնագիտությունների ընդունելության համար կարող են սահմանվել առանձնահատուկ պայմաններ և պահանջներ: 
16. Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է ուսման վարձը վճարելուց հետո` ըստ մասնագիտությունների և մագիստրոսական ծրագրերի։