Քննաշրջանին զուգընթաց ԱրՊՀ-ում շարունակվում է ուսանողական ակտիվ կյանքը նաև տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելով:
ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի և «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողների նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին ԱրՊՀ-ում կազմակերպվել է հոգեբանական թիմային մրցույթ՝ «Հաղորդակցման շքեղությունը» թեմայով, որին մասնակցել են Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, Շուշիի և Հադրութի ավագ դպրոցների աշակերտներից կազմված թիմերը:
Հոգեբանական կենտրոնի տնօրեն Անահիտ Գասպարյանի խոսքով՝ մրցույթի նպատակն է բուհ-դպրոց կապի ամրապնդումը, աշակերտների մոտ պոզիտիվ հաղորդակցման հմտություններ ձևավորելն ու զարգացնելը, փոխգործակցության հմտությունները սովորեցնելը, ինչպես նաև հաղորդակցման տարբեր միջոցների հետ ծանոթացնելը:
Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ ՈՒՇՀՀՏԱԳ, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը միջոցառումը կարևորել է Արցախում ստեղծված դժվար իրավիճակում աշակերտների և ուսանողների հոգեկան վիճակի բարելավմանը նպաստելու, բուհ-դպրոց կապն ամրապնդելու, ինչպես նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցին նպաստելու տեսանկյուններից:
Մասնակից թիմերին առաջադրվել են խնդիրներ ու առաջադրանքներ, որոնք միտված էին զարգացնելու աշակերտների պատկերավոր մտածողությունը, ստեղծագործելու կարողությունները, տեսողական, վերբալ և ոչ վերբալ հաղորդակցությունը, թիմային աշխատանքը, համերաշխությունը և այլն:
Մրցույթի արդյունքներով լավագույն ճանաչված թիմերը պարգևատրվել են պատվոգրերով և գրքերով: Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել ասմունքով ու երաժշտական կատարմամբ:
Մրցույթի մասնակիցներից Յուրի Դանիելյանը, ով սովորում է Շուշիի դպրոցի 11-րդ դասարանում, գոհունակություն է հայտնել միջոցառման ձևաչափից՝ բուհ-դպրոց համագործակցության շրջանակում նման միջոցառումների պարբերական լինելը համարելով անհրաժեշտություն:
Միջոցառումից հետո աշակերտները շրջայց են կատարել համալսարանում, ծանոթացել բուհի շենքային պայմաններին:
20 Դեկտեմբեր 2022