Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի «Լրագրություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները դեկտեմբերի 21-ին հրավիրել են «Լրագրություն բաժնի SWOT վերլուծություն» թեմայով քննարկում, որին ներկա էին նաև ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը, գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Նոնա Դավթյանը, ստորաբաժանումների ղեկավարներ:

Ուսանողները ռազմավարական պլանավորման և վերլուծության մեթոդների ուղղությամբ յուրացրած իրենց տեսական գիտելիքներն ու կարողությունները գործնականում կիրառել են հենց լրագրության բաժնի հիմքի վրա, SWOT վերլուծությամբ փորձել են գնահատել լրագրության բաժնի թույլ և ուժեղ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները, վերլուծել հաղթահարման ուղիները:
Քննարկման մասնակիցները իրենց տեսակետներն են արտահայտել առկա խնդիրների շուրջ, ուսումնական գործընթացի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները՝ պարզաբանումներ տվել ուսանողներին հուզող խնդիրների վերաբերյալ:
Ամփոփելով քննարկումը՝ ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը կարևորել է նման քննարկումները՝ ուսանողներին հետաքրքրող և հուզող խնդիրների բարձրաձայնման, մասնագիտական գործնական կարողությունների զարգացման տեսանկյունից:
Ուսումնական գործընթացի պատասխանատուները կարևորել են ԱրՊՀ-ում «Լրագրություն» մասնագիտության անհրաժեշտությունը և ընդգծել, որ պետք է անել հնարավորը՝ մասնագիտությունը բուհում զարգացնելու համար, որի ուղղությամբ այս տարիներին կատարվել են որոշակի աշխատանքներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի առաջիկա ուստարում մագիստրատուրայում ունենալ կրթական ծրագիրը: