Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ-ում այսօր կայացած ռեկտորատի նիստի ընթացքում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը «ԱրՊՀ 50-ամյակ» հուշամեդալ է շնորհել ԱՀ պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Յակոբ Իփճեանին ԱրՊՀ գլխավոր մասնաշնեքի կահավորման և մի շարք այլ ծրագրերի իրականացման գործում ավանդ ունենալու համար:
ԱրՊՀ ռեկտորը շնորհակալագիր է շնորհել նաև ԱՀ պետական նախարարի աշխատակազմի «Մարդասիրական և զարգացման ծրագրերի համակարգման» բաժնին՝ ԱրՊՀ հիմնանորոգված գլխավոր մասնաշենքի կահավորմանը ցուցաբերած աջակցության համար:
«Կան անհատներ, ովքեր իրենց կատարած աշխատանքի մասին չեն խոսում ընդհանրապես, այլ՝ համեստորեն աշխատում են՝ լինելով իրենց գործի ու հայրենիքի նվիրյալ: Յակոբ Իփճեանը այն նվիրյալներից է, ովքեր մեծ աշխատանք են կատարում՝ առանց դրա մասին բարձրաձայնելու: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության անունից շնորհակալություն ենք հայտնում Յակոբ Իփճեանին՝ իրականացրած աշխատանքի համար»,-նշել է ռեկտորը՝ համոզմունք հայտնելով, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի:
Իր հերթին Յակոբ Իփճեանը շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ ռեկտորին և ռեկտորատի կազմին՝ պարգևատրման համար՝ ընդգծելով, որ բուհի համար իրականացվող աշխատանքները շարունակական են լինելու:
«Համալսարանը պետք է իսկապես դառնա կենտրոն ոչ միայն ուսանողների և աշակերտների համար, այլ նաև՝ ամբողջ բնակչության: Իզմիրլեան, ՀԲԸՄ և այլ կառույցների հետ համագործակցելով՝ նախատեսում ենք ապագայում համալսարանը համալրել ոչ միայն գույքով, այլ նաև՝ մի շարք սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով, գրքերով ու դրանք թվայնացնելով, ինչը կնպաստի, որ բուհը դառնա այնպիսի կենտրոն, որը դեպի իրեն կձգի ողջ հանրությանը»,-նշել է Յակոբ Իփճեանը՝ հավելելով, որ նախատեսում են բուհի զարգացմանը միտված նաև այլ ծրագրեր իրականացնել: